Սոչիում հանել են գիշերային և առավոտյան լողի արգելքը։ Այս մասին հայտնել են քաղաքային ադմինիստրացիայի կայքում։
Իշխանությունները հաշվի են առել այն փաստը, որ շատ բնակիչներ այցելում են լողափ աշխատանքից առաջ և հետո, այսինքն՝ վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան։
Մամուլի ծառայությունը ընդգծել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով քաղաքի բնակիչների շահերը։ Սոչիի ղեկավար Անատոլի Պախոմովի խոսքերով՝ «իշխանությունների բոլոր գործողությունները ուղղված են առողջարանի հյուրերի և բնակիչների անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ լողափնյա տարածքներում»։
Հայտարարությունում նշվում է, որ 8:00-ից 20:00-ը քաղաքային լողափերում կհերթապահեն բժիշկներ և փրկարարներ, իսկ առանց նրանց վերահսկողության լողը համարվում է վտանգավոր։ Ադմինիստրացիայում նշել են, որ երեկոյան ժամերին բնակիչները իրենք պատասխանատու կլինեն իրենց անվտանգության համար։ Ընդ որում, նրանք պետք է հետևեն օրենքներին, որով արգելվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը լողափին, լողը ոչ սթափ վիճակում անհամապատասխան տարածքներում։
Երկուշաբթի ավելի վաղ change.org կայքում հայտնվել է ստորագրահավաք՝ պահանջով, որ թույլատրվի շուրջօրյա այցելությունը Սոչիի լողափեր, որն հավաքել է 839 ստորագրություն։ Հեղինակները նշել են, որ այդ արգելքը տեղաբնակներին զրկում է օգտվել առողջարանային քաղաքում ապրելու իրենց արտոնությունից։
Արգելքի մասին հաղորդագրությունը հայտնվել էր քաղաքային ադմինիստրացիայի կայքում հուլիսի 11-ի առավոտյան։