Սինգապուրում ամերիկյան «ոչ շատ արագ սպասարկումով» «Ին ըն աութ բուրգեր» ռեստորանի բացումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Ամերիկյան դասական ուտեստը` բուրգերը և կարտոֆիլը, կպատրաստեն հենց այցելուների աչքի առջև: Կոտլետները տապակում են հենց նոր պատրաստված ֆարշից, կարտոֆիլն էլ կեղևազրկվում և կտրատվում է հենց այդ պահին, այդ պատճառով էլ «ռեստորանը ոչ շատ արագ սպասարկումով է»: Հյուրերը պետք է սպասեն շուրջ 10 րոպե, բայց ուտեստները կլինեն «հենց կրակից վերցրած»:
«Ին ըն աութ բուրգերի» դեբյուտը տեղի ունեցավ Սինգապուրի Սիրքյուլըր ռոադի «Ոսկե գրիլ» ռեստորանում: Առաջին «Ին ըն աութ բուրգեր» ռեստորանը բացել է այդ ապրանքանիշի հեղինակ Հարի Սնայդերը 1948 թվականին Կալիֆորնիայի Բոլդվին պարկում: Նա անձամբ գնում էր Լոս Անջելեսի գիշերային շուկան և ընտրում էր մսի լավագույն կտորները կոտլետի համար: Իսկ հաշվապահությամբ և վարչարարությամբ զբաղվում էր նրա կինը` Էսթերը:
Երկար ժամանակ այս ռեստորանները գործում էին միայն Կալիֆորնիայի տարածքում, իսկ Հարի Սնայդերի կոտլետով սենդվիչները դարձան սերֆինգիստների «ստանդարտ կերակուրը» : Միայն վերջերս են «Ին ըն աութ բուրգերները» հայտնվել Կալիֆորնիայի հարևան` Նևադա և Յուտա նահանգներում, իսկ Տեխաս այն հասել է ընդամենը մեկ տարի առաջ: Սինգապուրյան շոուն դարձավ ամերիկյան ռեստորանի առաջին միջազգային դեբյուտը:
Ի դեպ` «Ին ըն աութ բուրգերում» հպարտանում են, որ Հարիի «գաղտնի բաղադրատոմսը» 1948 թվականից մինչ այսօր այդպես էլ չի փոխվել` որակյալ միս և անշտապողականություն: