Սիցիլիայի մայրաքաղաքում՝ Պալերմո քաղաքում, ամերիկյան տուրիստական ընկերությունը կազմակերպել է էքսկուրսիա, որի ընթացքում ճանապարհորդները կարող են շփվել Իտալիայում հայտնի մաֆիոզի որդու հետ:
«Մաֆիոզի-տուր»-ը նախատեսում է հանդիպում Plaza Opera հյուրանոցում Սիցիլիայում տխրահռչակ Cosa Nostra մաֆիայի ղեկավարի 39-ամյա որդու՝ Անջելո Պրովենցանոյի (Angelo Provenzano) հետ: Զբոսաշրջիկները կարող են նրան տալ ցանկացած հարց, իսկ նա, իր հերթին, կպատմի այն մասին, թե ինչպես է իր հայրը 43 տարի շարունակ թաքնվել արդարադատությունից: Այժմ 82-ամյա Բերնարդո Պրովենցիանոն (Bernardo Provenzano) ցմահ ազատազրկված է իտալական բանտերից մեկում, որտեղ նրան ուղարկել են 2006 թվականին:
Այն բանից հետո, երբ «մաֆիոզի-տուրերը» ճանաչում են գտել Պալերմոյում, զբոսաշրջիկների հետ «կնքահոր» որդու ամենշաբաթյա զրույցները սկսեցին քննադատության արժանանալ տեղական իշխանությունների կողմից: «Վտանգ կա, որ Պրովենցանոյի հոր մասին պատմությունները կարող են հանցագործին վերածել հերոսի»,- հայտարարել է Պալերմոյի դատախազ Լեոնարդո Ագվեչին (Leonardo Agueci):
Անջելո Պրովենցիանոյի հետ հարցազրույցը, ինչպես նաև՝ իտալական մաֆիայի մասին պատմությունները ընդգրկված են Overseas Adventure Travel ընկերության զբոսաշրջային փաթեթներից մեկում, որը նախատեսում է երկշաբաթանոց ուղևորություն Սիցիլիա: Տուրի ընդհանուր արժեքը կազմում է 2,995 դոլար: Այն կարելի է ամրագրել ընկերության կայքում: