Այս ամռանը Մադրիդ այցելած բոլոր տղամարդիկ պետք է հետևեն հասարակական տրանսպորտում վարքագծի նոր կանոններին․ ուժեղ սեռի որոշ ներկայացուցիչների՝ լայն բացված ոտքերով նստելու սովորությունը այժմ արգելված է։
Ցանկացած քաղաքի ավտոբուսներում և մետրոներում կարելի է հանդիպել տղամարդկանց, ովքեր նստած են լայն բացված ոտքերով՝ այդ կերպ զբաղեցնելով ավելի շատ տարածք ու նեղացնելով մյուս ուղևորների տեղը։ Անգլերեն լեզվում այդ գործողությունը նույնիսկ հատուկ անվանում ունի՝ manspreading։
Բացի այդ, արական սեռի շատ ներկայացուցիչներ ագրեսիվ են արձագանքում շրջապատողների մեկնաբանություններին, ովքեր ստիպված են կանգնել ազատ տեղի պակասի պատճառով։
Մադրիդի իշխանությունները որոշել են պայքարել այս եսասեր պահվածքի դեմ և արգելք սահմանել manspreading-ի համար։ Այսպիսով, համապատասխան զգուշացմամբ ցուցանակներ կհայտնվեն բոլոր հասարակական տրանսպորտներում` հղիներին և տարեցներին տեղ զիջելու խնդրանքի հետ համատեղ։