Հոկտեմբերի 22-ին երեկոյան լեհական Սլուբիցե քաղաքում կբացվի աշխարհում առաջին հուշարձանը` նվիրված ինտերնետ հանրագիտարանին՝ Վիքիպեդիային: Արձանի տեղադրման ձեռնարկողը դարձել է Քշիշտոֆ Վոյցեխովսկին՝ քաղաքային ուսումնական հաստատություններից մեկի տնօրենը: Նրան հաջողվել է այդ գաղափարով վարակել քաղաքային իշխանություններին, ովքեր հուշարձանի ստեղծման համար հատկացրել են մոտավորապես 12 հազար եվրո: 1,7 մետր բարձրություն ունեցող քանդակը ստեղծել է 30-ամյա Միհրան Հակոբյանը, որը նախկինում սովորել է Սլուբիցեում: Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն լեհական, գերմանական և ամերիկյան Վիքիպեդիայի մասնաճյուղերի ներկայացուցիչները: Դա առաջին հուշարձանն է ոչ միայն Վիքիպեդիայի, այլև` ամբողջ ինտերնետ ռեսուրսի: Նախկինում կանգնեցվել է Ֆեյսբուքի խորհրդանիշ «լայք»-ի հուշարձանը: Սլուբիցե (Słubice) քաղաքը գտնվում է Լեհաստանի արևմտյան հատվածում Օդրա գետի ափին՝ գերմանական Ֆրանկֆուրտ-Օդրեի հակառակ կողմում: Այն իր պատմությունը կերտել է X դարից սկսած և բազմաթիվ հետաքրքիր տեսարժան վայրեր է պահպանել: Նոր տարօրինակ հուշարձանը այստեղ կներգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների: