Փարիզը ավանդական աղբարկղերը կփոխարինի բարձրտեխնոլոգիականներով, ինչպես նաև` թափոնների հեռացման յոթնօրյա ժամանակացույցից կանցնի վեցօրյայի: 2014 թվականի հունիսից սկսած դեղին, սպիտակ և կանաչ աղբամանների փոխարեն Ֆրանսիայի մայրաքաղաքում կհայտնվի բարձրտեխնոլոգիական արտադրանք:
Դրանք կունենան էլեկտրոնային հաղորդիչներ, որոնք կչափեն աղբարկղերում առկա թափոնների օրական ծավալը, ինչը թույլ կտա կոմունալ ծառայություններին ավելի մանրամասն տեղեկություն ստանալ յուրաքանչյուր փողոցի մասին և բարելավել աղբահանության ծառայությունը: Բացի այդ, քաղաքային իշխանությունները մտադիր են աղբահանության յոթնօրյա ժամանակացույցից անցնել վեցօրյայի, քանի որ կիրակի օրերին նկատվում է թափոնների քիչ ծավալ, բացառությամբ որոշ թաղամասերի, ինչպիսիք են` Ելիսեյան Դաշտերը կամ Goutte d’Or-ը: Այս համակարգը կարող է ներկայացվել արդեն 2015 թվականին. գրում է Le Figaro-ն: