Սենա գետի ջրի մակարդակը հասել է վերջին 34 տարում ռեկորդային ցուցանիշի։ 2016 թվականի հունիսի 3-ի առավոտյան ջրի մակարդակը բարձրացել է մինչև 5,55 մ, որի արդյունքում հեղեղվել են գետի ներքին նավամատույցները։
Ջրհեղեղի պատճառով Փարիզում հայտարարված է վտանգավորության «դեղին» մակարդակ։ Հայտարարվում է, որ որոշ փողոցների մուտքը փակ է։ Բացի այդ, այցելությունների համար փակ է նաև Լուվրը։ Այդ մասին հայտարարել է թանգարանի ադմինիստրացիան։
Անվտանգության նկատառումներով՝ դադարեցվել է նաև գետում նավերի, ինչպես նաև՝ մայրաքաղաքի կենտրոնով անցնող գնացքների շարժը։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ շուտով ջրի մակարդակը կհասնի 6 մետրի։
Նշենք, որ ջրի ռեկորդային մակարդակ Փարիզում գրանցվել է 1910 թվականին։ Այդ ժամանակ Սենան բարձրացել էր 8,62 մետրի։