Հայտնի Ռաս ալ Խայմա էմիրության (ԱՄԷ) ղեկավարությունը խնդրել է զբոսաշրջիկներին ավելի համեստ հագնվել: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն ռեստորան այցելելիս փակ ուսերով հագուստ կրելու մասին է, այլև արգելված է լողափում բիկինի հագնել: Համապատասխան ցուցանակը, որի վրա գծված են քիփ լողավարտիքով տղամարդու և բիկինի կրող կնոջ պատկերները, հայտնվել են բոլոր հանրային լողափներում. հայտնում է Ինտերֆաքսը: Տեղական մամուլը նշում է, որ զբոսաշրջիկները պետք է հարգեն երկրի օրենքները, այդ պատճառով լողափային հագուստը նույնպես պետք է համապատասխանի «հասարակական բարոյականության» նորմերին:
Պահանջը ոտնահարողներին սկզբում սպառնում է բանավոր նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ տուգանք, որի չափը դեռևս որոշված չէ: Իշխանությունների նախաձեռնությունը ողջունել են տեղաբնակները, քանի որ նրանք նույնպես անընդհատ դժգոհում են հյուրերի «անբարոյական տեսքից»: Ռաս ալ Խայմա էմիրությունը հայտնի է իր մաքուր, անեղծ լողափներով, բնապատկերներով, ինչպես նաև՝ ջրային սպորտաձևերի գերազանց հնարավորություններով: 2012 թվականին նրա առողջարաններ է այցելել 800 հազար մարդ ամբողջ աշխարհից:
Ընդ որում՝ Ռալ ալ Խայմում չկան առանձին լողափեր կանանց համար, իսկ հիջաբ կրող տեղացի մահմեդական կանայք հանգստյան օրերին և երեկոյան այստեղ են գալիս իրենց ընտանիքների հետ: Առանձին կանանց լողափ կա, օրինակ, ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Բայց և այս էմիրությունում են զբոսաշրջիկներին նախազգուշացնում հասարակական նորմերի խախտման անթույլատրելիության մասին: Ավելի վաղ այստեղ տպագրվել է հատուկ գրքույկ, որտեղ թվարկվում են տեղական բարոյականության տեսանկյունից «վիրավորական» արարքները, այնպիսիք, ինչպիսիք են՝ լողափում լուսանկարվելը, ծխելը և զգացմունքները հասարակայնորեն արտահայտելը: Իսկ կրել բաց հագուստ Էմիրությունների հասարակական վայրերում առհասարակ չի կարելի: