Աշխարհի ամենաբարձր կամուրջը մեծ հանդիսավորությամբ բացվել է Մեքսիկայում հունվարի 6-ին: Այն ստացել է Baluarte անվանումը (ինչը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «ամրոց» կամ «պատվար» ): Յուրօրինակ մալուխային կամուրջը, որի բացումը նվիրված էր Մեքսիկայի 200-ամյա անկախությանը, ընկած է Արևմտյան Սերա Մադրե լեռնաշղթայի կիրճում և միացնում է երկրի հյուսիս արևմուտքում գտնվող Սինալոա (Sinaloa) և Դուրանգո (Durango) նահանգները:
Կամրջի երկարությունը 1124 մետր է, բարձրությունը` 403 մետր: Նրա ներքո հեշտությամբ կարող է տեղավորվել Էյֆելյան աշտարակը: Կամրջի շնորհիվ վեց ժամով կրճատվել է խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Մազատլան (Mazatlan) և Մեքսիկայի կենտրոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Դուրանգո նահանգի համանուն մայրաքաղաքի միջև ընկած ճանապարհը:
Մինչ այս, այդ ճանապարհը անցնելու համար անհրաժեշտ էր հաղթահարել նեղ և ոլորուն լեռնային ճանապարհ: Հիմա այս իրավիճակը դեռ կպահպանվի, քանի որ ամսի 6-ին դեռևս եղել է Baluarte կամրջի բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ ավտոմոբիլային երթեկության համար կամուրջը հասանելի կլինի միայն 2012 թվականի վերջին, երբ կավարտվի մայրուղու մնացած մասի շինարարությունը, որը կկապի Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան և ատլանտյան ափերը: