Հանրահայտ «Ելակային գնացքը» (Tren de la Fresa) Մադրիդում պատրաստվում է իր 28-րդ շրջանի բացմանը: Զբոսաշրջիկներին սպասվում է էքսկուրսիա մայրաքաղաքից դեպի Արանխուես (Aranjuez), որը տեղակայված է Տախո և Հարամա գետերի ափին` մայրաքաղաքից 47 կմ հարավ, ծանոթություն պատմության, տարածաշրջանի ավանդույթների և հյուրասիրության հետ: Մադրիդը Արանխուեսին միացնող երկաթգիծը կառուցվել է 1851 թվականին:
Այդ գնացքով վաճառականները մայրաքաղաք են տարել թարմ, քաղցր ելակներ, որի շնորհիվ էլ գնացքը «Ելակային» անվանումն է ձեռք բերել: Էքսկուրսային ծրագիրը սկսվում է Paseo de las Delicias փողոցի Երկաթգծի թանգարանից (Museo del Ferrocarril), որտեղից էլ գնացքը կշարժվի 9:05-ին: Ուղևորության ընթացքում ուղեկցողները` հագնված ավանդական հագուստներով, ուղևորներին կառաջարկեն հայտնի ելակը, որով հպարտանում է Արանխուեսը: Ժամանելուն պես` զբոսաշրջիկները կուղևորվեն էքսկուրսիա քաղաքի տեսարժան վայրերով` ներառյալ թագավորական պալատը և նավակների թանգարանը:
Ներկայացնելով երկաթգծի տոմսը` զբոսաշրջիկները կկարողանան 50 % զեղչով այցելել Ցլամարտի թանգարան, որը տեղակայված է Plaza de Toros-ում` ցլամարտերի անցկացման շենքում: Ետդարձը կլինի ժամը 18:30-ին և Մադրիդ կհասնի 20:10-ին: Գնացքը կաշխատի հունիսի 30-ից մինչև հոկտեմբերի 27-ը: Տոմսերի արժեք կկազմի 29 եվրո մեծահասակների համար, իսկ 21 եվրո երեխաների համար: