Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող Չեսսինգտոնի Chessington World of Adventures Resort թեմատիկ այգու ադմինիստրացիան արգելել է այցելուներին գալ հագուստով, որի նախշերը կենդանիներին հիշեցնող գույներ կունենան: Այս որոշումը հիմնավորվում է կենդանիներին ավելորդ անհանգստությունից պաշտպանելու ցանկությամբ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` խնամատարները նշում են, որ, օրինակ, ընձառյուծի նախշերով հագուստով մարդիկ որոշ կենդանիների մոտ շփման ցանկություն են առաջացնում, իսկ որոշներին` խուճապի մատնում: Ադմինիստրացիան հրապարակել է այցելուների հագուստի արգելված նկարների ցանկը: Դրանց թվում են զեբրի, ընձուղտի, ընձառյուծի, հովազի, վագրի և բորենու նախշերով հագուստները: Արգելքը գործում է կենդանաբանական այգում նոր Zufari ժամանցային ծրագրի ներդրումից հետո, որն առաջարկում է ուղևորություն ավտոմեքենայով այգու` կենդանիներով լի բաց տարածքում:
Այդ շրջագայության ընթացքում այցելուները կարող են դեմ առ դեմ հանդիպել ռնգեղջյուրների, ընձուղտների, ֆլամինգոների և եղնիկների հետ: Այգու այս հատվածի խնամատարները նշում են, որ կենդանիները շփոթության են մատնվում իրենց գույներով հագուստով մարդկանց տեսնելիս: Իսկ երբ հագուստի պատկերը համընկնում է գիշատչի պատկերի հետ, այգու բնակիչները վախ են ապրում: