Լոնդոնի Սաատչի պատկերասրահը համարվում է ամենաանսովոր ժամանակակից կոնցեպտուալ արվեստի թանգարաններից մեկն աշխարհում։ Հենց այստեղ մարտի 31-ին բացվել է ցուցահանդես՝ նվիրված մեր օրերում հայտնի սելֆիին։
«Սելֆիից մինչև ինքնադրսևորում» (From Selfie to Self-Expression) անունը կրող ցուցահանդեսը բացահայտում է այդ նորաձև միտման ֆենոմենը և այն ներկայացնում՝ որպես արվեստի ձև։ Ցուցահանդեսի շրջանակներում սոցիալական ցանցերի ժամանակակից օգտատերերի սելֆիները համեմատվում են նկարիչների ինքնադիմանկարների հետ, որոնք իրենց հետքն են թողել գեղագիտության համաշխարհային պատմության մեջ։ Պատկերասրահի կազմակերպիչները իրենց այցելուներին գլխավոր հարց են ուղղում․ հնարավոր է, արդյո՞ք, ստեղծել լիարժեք գլուխգործոց սովորական սմարթֆոնի և բջջային հավելվածի օգնությամբ։
«Մեր օրերում սմարթֆոնը համարվում է գեղարվեստական ինքնադրսևորման գործիքներից մեկը։ Սելֆիի սերնդին հաջողվում է ուսումնասիրել իրենց ներքին աշխարհը և կիսվել դրանով շրջապատի հետ բոլորին հասանելի գործիքի օգնությամբ»,-վստահեցնում են ցուցահանդեսի կազմակերպիչները։