Եվրոպայի առաջնությանը Իսլանդիայի հավաքականի ելույթներով ոգևորված՝ կղզային հանրապետության իշխանությունները մտադիր են նոր տոն ստեղծել, որը նվիրված կլինի ֆուտբոլին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայում Իսլանդիայի դեսպան Բերգլինդ Ասգեիրդոտտիրին։ Ակնկալվում է, որ տեղական կառավարությունը կբարձրացնի այդ հարցը առաջիկայում։ Տոնը նախատեսվում է նշել հունիսին։ Բայց դեռ որոշված չէ՝ Ֆուտբոլի օրը կլինի հանգստյան օր, թե ոչ։
2016 թվականի հուլիսի 3-ին Իսլանդիան անցկացրեց իր վերջին խաղը Եվրո-2016-ի շրջանակներում՝ քառորդ եզրափակչում պարտվելով Ֆրանսիային։ Դա իսլանդական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ցուցանիշն էր։ Եվրո-2016-ին իրենց հավաքականի խաղերին հետևել է իսլանդացիների շուրջ 99%-ը։ Հետաքրքիր է, որ երկրի նախագահը հրաժարվել է դիտել ֆուտբոլը վիպ-լոժայում՝ նախընտրելով ակտիվ կերպով երկրպագել Իսլանդիայի երկրպագուների տրիբունայից։