Հունաստանում հետաքրքիր տեսարժան վայր է հայտնվել`տրանսֆորմեր-ժայռ

Հույն դպրոցականները էկոլոգիայի դասերի ընթացքում նկատել են ժայռի առանձնահատկությունները. այն փոխում է գույնը, ձևը և չափսերը: Անկախ եղանակից և օրվա ժամերից  ժայռը կարող է անսպասելիորեն մեծանալ և սև գույնից վերածվել  սպիտակի, մոխրագույնի, կանաչի անգամ վարդագույնի: Տեղաբնակները այդ տեսարժան վայրը արդեն անվանել են ժայռ-տրանսֆորմեր:

50 մ բարձրությամբ այդ ժայռե բեկորը գտնվում է Սալոնիկից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ալմոպիայում, որը Հունաստանում  հայտնի է իր բուժիչ  տաք աղբյուրներով  և  հայտնի Քարանձավային այգով: Ուշադիր աշակերտները այդ անհավանական երևույթի մասին հայտնել են մասնագետներին, որից հետո մի խումբ երկրաբաններ և մասնագետներ որոշել են ուսումնասիրել ժայռի եզակի հատկանիշները: Հետազոտությունների արդյունքում  պարզ է դարձել, որ ժայռի  գույնի, չափսի և ձևի փոփոխման մեջ ոչ մի առեղծվածային բան չկա, և ժամանակակից գիտությունը կարող է դա բացատրել:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այդտեղի աղբյուրներից դուրս եկող ածխածնային գազը ուղղակի ազդեցություն ունի ուսումնասիրվող ժայռի բնական հատկությունների վրա: Երբ գազը բարձրանում է վերև, վերածվում է կրաքարի, որի արդյունքում ժայռի վրա ձևավորվում է   քարի նոր տեսակ և  նոր շերտ, որի շնորհիվ էլ քարը չափսերով մեծանում է, ինչպես նաև փոխում է ձևը և գույնը: Տեղական իշխանությունները արդեն հետաքրքրություն  են ցուցաբերել ժայռ-տրանսֆորմերի հանդեպ և ծրագրում են դա օգտագործել զբոսաշրջիկներին այդ տարածաշրջան ներգրավելու համար:

You might also like