Գերմանական Elwe բանտը պատրաստ է ընդունել այցելուներին: 100 օրերի ընթացքում` հունիսի 9-ից սեպտեմբերի 16-ը Կասսելի բանտը կընդունի զբոսաշրջիկներին: Բանն այն է, որ այս ընթացքում քաղաքում կանցկացվի ժամանակակից արվեստի ցուցադրություն և շատ մարդ կլինի:
Բանտախցերում կլինեն միայն մետաղյա մահճակալներ, սեղաններ և զուգարաններ: Անսովոր հյուրանոցի հյուրերը կհասկանան, թե ինչ են զգում բանտարկյալները. ներսում տոթ է, պատուհանները փակված են ճաղերով: Նախագծի հեղինակները նշում են, որ հատուկ են պահել այս մթնոլորտը: Բայց որոշակի փոփոխություններ ամեն դեպքում արվել են. փոխվել են բանտախցերի դռների կողպեքները, որպեսզի այցելուները կարողանան դուրս գալ այնտեղից, ինչպես նաև` ավելացվել են լոգարանները: բոլոր նրանք, ովքեր դեմ չեն գիշերել բանտում, կարող են ընտրություն կատարել մեկ և երկու տեղանոց բանտախցերի միջև:
Նախագծի հեղինակները անշարժ գույքի ոլորտի գործարար Գոտհարդ Ֆելսը և փաստաբան Քրիստոֆեր Պոշն են: Բանտի փակումից` 2009 թվականից սկսած նրանք հարմար առիթ էին փնտրում օգտագործել այն և որոշեցին, որ հաստատությունը պետք կգա զանգվածային մշակութային միջոցառումների ժամանակ: Հյուրանոցը մեծ պահանջարկ ունի, ընդ որում` ոչ միայն արկածասեր երիտասարդների կողմից, այլև երեխաներ ունեցող ընտանիքների: