Գերմանական Տրիեր քաղաքում անցկացվում է մեծ ցուցահանդես՝ ամբողջովին նվիրված Կարլ Մարքսին: Դրա շրջանակներում բաց երկնքի տակ տեղադրվել են հայտնի գերմանացի մտածողի 500 փոքրիկ՝ մեկ մետր բարձրությամբ և 8 կիլոգրամ քաշով, պլաստմասե արձանիկները: Սակայն, այս պահի դրությամբ 60 արձանիկ գողացել են. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Չարագործները գողանում են «մինի-Մարքսներին» ուշ երեկոյան կամ գիշերը. ընդ որում՝ յուրաքանչյուր քանդակի արժեքը շուրջ 300 եվրո է:
Այդպիսով, ընդհանուր վնասն արդեն հասել է 18 հազար եվրոյի: Ցուցահանդեսի հեղինակը նկարիչ և քանդակագործ Օտտմար Հյորլն է: Նա շատ հայտնի է Գերմանիայում՝ իր բացօթյա քանդակներով: 2006 թվականին նա տեղադրել է, մասնավորապես, 1200 թզուկի արձան Կարլսռուեում, 2010 թվականին՝ 800 «Մարտին Լյութեր»-ներ Վիտտենբերգում, իսկ 2012 թվականին ստեղծել է հազար կարմիր վարդերից բաղկացած կոմպոզիցիա Ցվայբրյուկենե քաղաքում:
Կարլ Մարքսի ծննդավայր Տրիերում տեղադրված արձանախումբը նվիրված է «Կապիտալ»-ի հեղինակի ծննդյան 195-ամյակին: Արձանները կմնան մինչև մայիսի 26-ը, եթե իհարկե դրանք բոլորը չդառնան գողոն: Բացի այդ, ցանկացողները կարող են ձեռք բերել արձանիկը: 150 հատ արդեն վաճառվել է, և կա ևս հարյուր քանդակի պատվեր, ընդ որում՝ ոչ միայն Գերմանիայից, այլև Դանիայից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից: