Ֆինլանդիայի Լապլանդիայի Կոուտալակի գյուղում (Koutalaki) կառուցվում է լեռնադահուկային առողջարան, որտեղ հյուրերը կարող են սահել շենքերի տանիքներին։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ դա այդ տեսակի մեջ առաջին համալիրն է աշխարհում։ Այն գտնվում է Լևի առողջարանում։
Լեռնադահուկային սահուղիներ կարելի կլինի բարձրանալ հատւկ վերելակների միջոցով։ Սահելով սահուղով՝ լեռնադահուկորդները կշարունակեն վայրէջքը բնական լեռնային լանջով։
Շենքերի առաջին հարկերում տեղ կգտնեն խանութներն ու ռեստորանները, իսկ վերևում՝ դիտահարթակները։ Ենթադրվում է, որ ամռանը առողջարանի տարածքում կանցկացվեն համերգներ, հետագայում կստեղծվի նաև սահադաշտ։Անսովոր առողջարանի գաղափարը ծագել է դանիացի ճարտարապետների գլխում 2011թվականին դիզայներների մրցույթի շրջանակներում։ Նրանց խոսքերով՝ իրենք ցանկացել են «օգտագործել ձյան ամբողջ պոտենցիալը»։ Շինարարության ավարտից հետո առողջարանը կզբաղեցնի շուրջ 56 հազար քառակուսի մետր մակերեսով տարածք և կընդունի ավելի քան երեք հազար հյուրի։
Շենքի մի մասն արդեն բաց է հանրության համար։ Ամբողջ համալիրի բացման հստակ ժամկետը չի նշվում։
Լևին Ֆինլանդիայի ամենախոշոր լեռնադահուկային առողջարաններից մեկն է։ Դահուկային սահուղիների մեծ մասը նախատեսված է սկսնակների համար, բայց կան նաև չորս սահուղի փորձառու լեռնադահուկորդների համար։