Եվրոպական հանձնաժողովը մտադիր է արգելել համացանցում հրապարակել սելֆի կամ այլ տիպի լուսանկար զբոսաշրջային տեսարժան վայրերի ֆոնին․ այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին։ Ինչպես բացատրում է պարբերականը՝ այն դեպքում, եթե այս օրենքը ընդունվի, նման տեսարժան վայրերի պանորամաները, ինչպիսիք են՝ Էյֆելյան աշտարակը կամ Տրևի շատրվանը, կդառնան քոփիռայթի առարկա։ Դրանց ֆոնին լուսանկարներ անել ցանկացողները ստիպված կլինեն թույլտվություն ստանալ պատասխանատու անձանցից։
Բրյուսելում նաև առաջարկել են ստեղծել Facebook-ոստիկանություն սոցիալական ցանցում աօրինական արված լուսանկարները հայտնաբերելու համար։ Օրինախախտները կենթարկվեն դատական հետապնդման, իսկ մեղքի ապացույցներ գտնելու դեպքում կստանան տուգանքներ և ազատազրկում։
Ապագա օրինագիծը կվերաբերվի պրոֆեսիոնալ լուսանկարիչներին, բայց, ինչպես գրում է պարբերականը, հավանականություն կա, որ փաստաթղթի դրույթները կտարածվեն նաև սիրողականների վրա։
Համացանցում նախաձեռնությունը քննարկող Freelens գերմանական պրոֆեսիոնալ ստուդիայի լուսանկարիչները տեսարժան վայրերի ֆոնին յուրաքանչյուր լուսանկարի համար թույլտվություն խնդրելու անհրաժեշտությունն արդեն անվանել են «բացարձակ անիրական»։ Նորարարությանը դեմ է դուրս եկել նաև Wikipedia օնլայն հանրագիտարանը, որը խոստացել է հրապարակել հայտնի տեսարժան վայրերի սիրողական լուսանկարները, որպեսզի ցուցադրի նոր առաջարկների «խելագարությունը»։
Հունիսի 26-ին հայտնի է դարձել, որ Դիսնեյլենդի ժամանցային այգիներում այցելուներին արգելել են կիրառել սելֆիի շտատիվ անվտանգության նկատառումներով։ Այսպիսով, կալիֆորնիական Դիսնեյլենդում այդ միջոցները ուժի մեջ կմտնեն հունիսի 30-ին, իսկ Փարիզում և Հոնգկոնգում՝ 2015 թվականի հուլիսի 1-ին։