Մեծ Բրիտանիայի Դուվր շրջանի ափամերձ տարածքում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության նախօրեին կտեղադրվի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հսկա քանդակը: 30-մետրանոց արձանը կբարձրանա հայտնի Սպիտակ Ժայռերի վրա և տեսանելի կլինի նույնիսկ ֆրանսիական ափից` Լա Մանշի այդ ուղղությամբ: Հենց Ֆրանսիայի հավաքականի հետ հունիսի 11-ին անգլիացիները կանցկացնեն մայրցամաքի առաջնության առաջին հանդիպումը:
Մարզչի պատկերը պատրաստված է ԴՍՊ-ից և կշռում է 8 տոննա. հայտնում է Lenta.ru-ն: Հեղինակները այն նմանեցրել են Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոսի արձանին: Արձանի ստեղծումը և տեղադրումը ֆինանսավորել է Paddy Power բուքմեյքերական գործակալությունը:
Paddy Power-ում իրենց որոշումը մեկնաբանել են որոշ անգլիացի երկրպագուների դիրքորոշմամբ, ովքեր կարծում են, որ Եվրո-2012-ին հաջող հանդես գալու համար թիմին անհրաժեշտ է Աստվածային միջամտություն: Բացի այդ, բուքմեյքերական ընկերությունում նշել են, որ հենց 1931 թվականից հետո, երբ Ռիո դե ժանեյրոյում կանգնեցվեց Քրիստոսի արձանը, բրազիլացիները դարձան առաջատար ֆուտբոլային ազգ: