Դիսնեյլենդում կազմակերպված հարսանիքները արդեն հազվագյուտ չեն․ շատ նորապսակներ են ցանկանում նշել իրենց կյանքի կարևոր օրը զվարճանքների այգում։ Սակայն այժմ նրանք հնարավորություն են ստացել վերածել իրենց պսակադրությունը իսկական հեքիաթի և սիրո ու հավատարմության երդում տալ Մոխրոտի ամրոցի առջև։ Արարողությունը կկազմակերպվի East Plaza Garden այգու տարածքում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի թեմատիկ այգու գլխավոր փողոցում։ Ամրոցի հրաշալի տեսարանով հարսանիքի միջին արժեքը՝ ուտելիքով և խմիչքով, կազմում է $75 000 դոլար։ Արարողությանը նորապսակները կգան կառքով, որը կլինի հայտնի մուլտֆիլմի բարի փերու ստեղծած կառքի ճիշտ կրկնօրինակը։ Հյուրերի առավելագույն քանակը չպետք է գերազանցի 100-ը։ Արարողությունը կարող է անցկացվել օրական միայն մեկ անգամ՝ տեղական ժամանակով 09:30-ին։ Հարսնացուները նաև կարող են պատվիրել իրենց սիրելի արքայադստեր զգեստը՝ ստեղծված Ուոլտ Դիսնեյ ստուդիայի կողմից։