Բոլոր զբոսաշրջիկները, ովքեր ցանկանում են այցելել հայտնի Ուոլտ Դիսնեյի թագավորություն, այժմ կարող են իրենց հետ վերցնել նաև սիրելի կենդանիներին։ Հոկտեմբերի 15-ից Ֆլորիդա նահանգի Walt Disney World Resort համալիրում թույլատրվում է մնալ շների հետ։
Նոր ծառայությունը հասանելի է Art of Animation Resort, Port Orleans Riverside Resort, Fort Wilderness Resort և Yacht Club Resort հյուրանոցներում։ Յուրաքանչյուր կենդանու համար պետք է հավելյալ վճարել $50-ից $75 դոլար։ Մեկ սենյակում կարող են բնակվել մինչև 2 շուն։
Կենդանիների հետ հանգստացող հյուրերի տրամադրության տակ կլինի կանաչապատ տարածքն ու հատուկ ճեմուղին։ Փափկամազ կենդանիների տերերին նաև սպասվում է Pluto”s Welcome Kit հավաքածուի նվեր, որը ներառում է անկողնային պարագաներ, կերակրաման, պիտակ և միանգամյա օգտագործման փաթեթներ։
Սակայն համալիրի մեծ մասը, այնուամենայնիվ, փակ կլինի շների հետ այցելության համար։ Բոլոր կենդանիները պետք է լինեն պատվաստված և շնաթոկով։