Ապրիլի կեսին Բեռլինում կբացվի նոր դիտահրապարակի՝ Wolkenhain-ի մուտքը։ Այն միջազգային այգեգործական ցուցահանդեսի նախագծերից մեկն է, որը կսկսի գործել Մարցան (Marzahn) թաղամասում ապրիլի 13-ից մինչև հոկտեկբերի 15-ը։
Դիտահրապարակը նման է ամպի, որը կախվել է քաղաքի ծայրամասում Կինբերգ բլուրի վրա։ Դիտահրապարակ կարելի է գնալ ոտքով կամ հինգ րոպեում բարձրանալ ճոպանուղով, որը նույնպես կառուցվել է ցուցահանդեսի տարածքում։ Wolkenhain դիտահրապարակից տեսարան է բացվում դեպի քաղաքը Բեռլինյան հեռուստաաշտարակից մինչև Ալեքսանդերպլացը, ինչպես նաև՝ այստեղից կարելի է հիանալ ցուցահանդեսին ներկայացված այգիներով և ծաղիկներով։
Ցուցահանդեսին կներկայացվեն մի քանի թեմատիկ այգիներ՝ պատրաստված Թայլանդի, Ավստրալիայի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի և Չինաստանի վարպետների կողմից։ Ցուցահանդեսի տարածքում ընդհանուր առմամբ տնկվել են 1500 նոր ծառ, 6 հազար վարդ և այլ տնկիներ, 35 հազար բազմամյա բույս և ավելի քան 300 հազար այլ ծաղիկներ։ Այգեգործական ցուցահանդեսի մուտքի տոմսը արժե 20 եվրո։