Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաք Բարսելոնի կառավարությունը արգելել է քաղաքի պատմական մասում (Ciutat Vella) «ալկոհոլային տուրեր» անցկացնել: Այսպիսի «էքսկուրսիայի» մասին ինֆորմացիան տարածվում է հայտարարությունների միջոցով, որոնք կարելի է գտնել բարերում կամ ինտերնետում: Հավաքելով մի քանի տասնյակ մարդկանց` կազմակերպիչները նրանց են տալիս անձը հաստատող թևակապեր, որոնք, ներկայացնելով բարերում և ռեստորաններում, տուրի մասնակիցները ստանում են անվճար ալկոհոլային խմիչք: Էքսկուրսիայի արժեքը 10-15 եվրո է:
Հուլիսի 1-ից նման միջոցառումներին մասնակցելու համար բարերից և կազմակերպիչներից կգանձվի 900 եվրո տուգանք, իսկ կրկնվելու դեպքում` 1800 եվրո: Բացի այդ, քաղաքային իշխանությունները արգելել են տուրիստական ավտոբուսների կայանումը հայտնի Սուրբ Ընտանիք տաճարի մոտ: Կառավարության այս բոլոր գործողությունները ուղղված են Բարսելոնը ավելի հարմարավետ քաղաք դարձնելուն. գրում է BuenaEspana-ն: