Ամստերդամում բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը գեյմերների համար։ Ինչպես գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Bitbag-ի հաղորդագրությանը, հյուրանոցի 36 համարներից յուրաքանչյուրում հյուրերը կարող են գտնել կոնսոլ և խաղերի հավաքածուներ։ Ապագայում սեփականատերը մտադիր է ընդլայնել հյուրանոցը ևս ինը համարով։
The Arcade Hotel-ը գտնվում է Պեյպ թաղամասում՝ հոլանդական մայրաքաղաքի հարավային մասում։ Գեյմերների հարմարավետության համար կոնսոլները տեղադրված են ոչ միայն համարներում։ Նախասրահում հյուրերի տրամադրության տակ են շարժական կորսոլները, իսկ բարում ճանապարհորդները կարող են խաղալ խմբակային խաղեր։
Նշվում է, որ հյուրանոցի բացման արարողությանը հյուրերին հյուրասիրել են փողոցային սնունդով և տեղական ջինով։ Բացի այդ, նրանց սպասել է FIFA խաղի բաց մրցաշարը։
Հյուրանոցի սեփականատեր Դենիել Սալմանովիչը (Daniel Salmanovich) նշել է, որ իր ընտանեկան հյուրանոցը կարելի է անվանել իսկական Մեքքա խաղասերների համար։ Ընդ որում, նա հավելել է, որ խաղերով չհետաքրքրվող հյուրերը ևս կարող են լավ ժամանակ անցկացնել հյուրանոցում։ Նրանք կարող են համտեսել համեղ ուտեսները, այդ թվում՝ պանրի տեսականիները և տեղական մթերքները։ Բացի այդ, հյուրանոցը հյուրերին վարձակալությամբ տրամադրում է հեծանիվներ, դիմավորելիս հյուրասիրում ալկոհոլային ըմպելիքով և անվճար թեյով ու սուրճով։
Հյուրանոցի կայքում նշում են, որ սովորական չորստեղանոց համար կարելի է ամրագրել 64,8 եվրոյով, նման լյուքսը կարժենա արդեն 92,25 եվրո, իսկ ընտանեկան սուիթը՝ 108 եվրո։ Նախաճաշի արժեքը օրական մեկ անձի համար կազմում է 9 եվրո։ Հանգստյան օրերին նախաճաշին մատուցվում է նաև «Արյունոտ Մերի» կոկտեյլ։