Ինչպես ցույց են տվել Մեծ բրիտանիայում անցկացված հարցման արդյունքները՝ շատ կանայք վախենում են մեկնել հանգստանալու այնտեղ առկա խոհարարական գայթակղությունների պատճառով: Ինչպես գրում է բրիտանական Daily Star պարբերականը՝ նիհարել ցանկացող մարդկանց մեծամասնությունը կարող է հրաժարվել ընկերների հետ ճանապարհորդության մեկնելուց՝ վախենալով խախտել խիստ սննդակարգը և գայթակղվել յուղոտ սնունդով և ալկոհոլային խմիչքներով: Այս մտադրության մասին հայտարարել է հարցման մասնակից հազար բրիտանացիներից 200-ը: Դիետա պահող հարցման մասնակիցների 10%-ը ռեստորան այցելելիս նախանձով են նայում այն մարդկանց, ովքեր ազատ են ուտեստ ընտրելու հարցում, և արդյունքում դժգոհ են մնում իրենց անցկացրած ժամանակից: Հարցման մասնակիցների կեսից ավելին (58%) պատրաստվում են առաջիկա ամիսներին ազատվել ավելորդ քաշից, իսկ 6%-ը մշտապես հետևում է դիետային և մտադիր չէ այն խախտել: Ամեն հինգերորդը հայտարարել է, որ մտադիր է նիհարել ամռանը, բայց մեկ պայմանով, որ կամքի ուժը բավականացնի, իսկ 9%-ը պատրաստ է հետևել սննդակարգին միայն այն ժամանակ, երբ արդեն ճանապարհորդությունը ամրագրված լինի: Հարցման որոշ արդյունքներ զարմանալի չեն եղել. կանանց 70%-ը և տղամարդկանց 48%-ը ամռան շեմին պատրաստվում է պայքարել ավելորդ քաշի դեմ: