Դժվար է պատկերացնել մի զբոսաշրջիկի, որ ճանապարհորդի առանց ուղեբեռի: Զարմանալի չէ, որ ուղևորների ճամպրուկները հաճախ դառնում են գողերի համար ավար, հատկապես` օդանավակայանում: Արևմտյան ԶԼՄ-ները տալիս են մի քանի օգտակար խորհուրդներ, թե ինչպես չկորցնել իրերը և չփչացնել արձակուրդը:
Ուղեբեռը չկորցնելու և հանցագործներին զոհ չդառնալու լավագույն տարբերակը այն օդանավակայանում չհանձնելն է և պահելն է` որպես ձեռքի ուղեբեռ: Սակայն այս տարբերակը այնքան էլ հարմար չէ, չէ որ ձեռքի ուղեբեռի համար կա հստակ սահմանված քաշ:
Իսկ եթե, այնուամենայնիվ, հանձնել եք այն, ապա ժամանումից անմիջապես հետո` առանց վայրկյան անգամ կորցնելու, պետք է անմիջապես շտապել ուղեբեռի ստացման կետ: Երբ ստանաք ձեր ճամպրուկը, այն անուշադրության մի մատնեք: Պայուսակը տանելու համար գողերին վայրկյաններն անգամ բավական են: Եվ ամենակարևորը` թանկարժեք իրերը պահեք ձեզ մոտ կամ առհասարակ մի վերցրեք ձեզ հետ ճանապարհորդության:
Ի վերջո, օգտագործեք ամենահասարակ և սովորական ճամպրուկը, ոչ թե դիզայներական մոդելը: Միևնույն ժամանակ, ինչ-որ կերպ առանձնացրեք ձեր ուղեբեռը, քանի որ գողերը չեն սիրում գողանալ յուրահատուկ ճամպրուկներ, որոնք կարող են անմիջապես աչքի ընկնել: