Փարիզում զբոսնելու ընթացքում հաճելի է այցելել փոքրիկ, հարմարավետ սրճարան և ըմպել մեկ բաժակ թարմ, նոր եփված սուրճ: Սակայն ըմպելիքի ընտրությունը հաճախ շատ դժվար է լինում, նույնիսկ եթե ճաշացանկում այն գրված է լինում քեզ ծանոթ լեզվով: Իրավիճակը ավելի է բարդացնում տեսականին ներկայացնող հավելվածը, որտեղ օտարալեզու բարդ անվան հետ ներկայացվում է նաև պատրաստման տեղական առանձնահատկությունները: Ֆրանսերեն անվանումների մի փոքրիկ ցանկը կօգնի զբոսաշրջիկներին չշփոթվել՝ Փարիզի սրճարանում ճաշացանկը ուսումնասիրելիս:
Café au lait («կաֆե-օ-լե»)՝ սուրճը կաթով՝ կես-կես: Չպետք է այն շփոթել լատտեի հետ, որի պատրաստման համար պահանջվում է միայն էսպրեսսո և մատուցվում է բարձր բաժակով: Սուրճով կաթի համար կարող է օգտագործվել ինչպես էսպրեսսո, այնպես էլ՝ ամերիկանո, և այն մատուցում են մեծ գավաթով:
Café crème («կաֆե-կրեմ»)՝ սուրճ՝ սերուցքով՝ 1:1 հարաբերակցությամբ, մատուցվում է մեկ բաճակ ջրի հետ: Այս տարբերակի պատրաստման համար օգտագործվում է շանթիյի կրեմ՝ սերուցք՝ հարած շաքարով և մի կաթիլ վանիլային էսենցիայով:
Café noisette («կաֆե-նուազեթ»), որը Իտալիայում հայտնի է՝ որպես մակիատո: Այն էսպրեսսո է մի կաթիլ կաթով և մատուցվում է փոքրիկ գավաթով:
Lait tacheté («լե-տաշտե»), որն ավելի հայտնի է՝ որպես լատտե-մակիատո, որի տարբերակիչ առանձնահատկությունը պատրաստման եղանակն է: Այս դեպքում սուրճն են լցնում կաթի վրա, ոչ թե հակառակը, ինչը փափկացնում է ըմպելիքը և ընդգծում կաթի համը:
Café Hélène («կաֆե Հելեն»)՝ էսպրեսսո՝ սերուցքով և պնդուկի քերուկով:
Café viennois («կաֆե վիենուա»)՝ Վիեննայի սուրճ, որը ունի բազմաթիվ տարբերակներ: Հիմքում ամերիկանոն է, որին ավելացվում է հարած սերուցք, իսկ վրան քերվում է շոկոլադ և դարչին: Հատկանշական է, որ այս տարբերակը հորինել է ուկրաինացի վաճառականը՝ նախկին կազակ Յուրի Ֆրանց Կուլչիցկինը 1683 թվականին:
Café du matin («կաֆե-դյու-մատան») ՝ «առավոտյան սուրճ». ամերիկանո, որին ավելացվում է մեծ քանակությամբ տաք կաթ, որից փրփուր է առաջանում:
Էկզոտիկայի սիրահարները կարող են փորձել café chateau («կաֆե-շատո»)՝ էսպրեսսո մի քանի կաթիլ բալի լիկյորի և հարած սերուցքի հետ, որը մատուցվում է փոքր գավաթով, ինչպես նաև՝ brûlot charentais («բրյուլո-շարանտե») կամ flamme des anges («ֆլյամ-դեզ-անժ»). այս բաղադրատոմսը 300 տարեկան է: Սև սուրճը մատուցվում է սառը կերամիկական բաժակով, որին ավելացվում է կոնյակ, ափսեի վրա դրվում է երեք կտոր շաքար, որի վրա լցվում է կոնյակը, հետո այն վառում են, որից առաջացած կրակը սուրճը հասցնում է եռման աստիճանի, որի արդյունքում ստացվում է լիկյորի նման ծանգված, որը կրակի հանգչելուց հետո ավելացնում են սուրճի մեջ:
Շատ տարածված են café au caramel («կաֆե-օ-կարամելը»)՝ ամերիկանոն հեղուկ կարամելի և հարած սերուցքի հետ, café français («կաֆե-ֆրանսե»)՝ էսպրեսսո կոնյակի հետ, և café italien («կաֆե- իտալիեն») մի քանի կաթիլ ամարետտոյով: