Հունաստանի բնակչության մեծ մասը ուղղափառ է, բայց ով է ասել, թե աշխարհի բոլոր ուղղափառները ունեն նույն սովորություններն ու ավանդույթները: Ահա առաջին տարբերությունը. եթե մեզ մոտ ընդունված է հանդիպումն ավարտել ձեռքսեղմումով, ապա Հունաստանում մի շտապեք ձեռք մեկնել, հատկապես` ծանոթության ժամանակ: Հույները գերադասում են համբույր փոխանակել, ընդ որում` երկկողմանի, բայց միայն այն մարդկանց հետ, ում ճանաչում են:
Ճանապարհորդություն և հանգիստ Հունաստանում Hot Tours տուրիստական օպերատորի հետ: Տես բոլոր տուրիստական առաջարկներն ու Հունաստանի հյուրանոցները այստեղ՝ www.hot-tours.am
Եվս մեկ հետաքրքիր առանձնահատկություն. հույները սիրում են քննադատել իրենց իշխանություններին, բայց եթե օտարերկրացին միանա նրան և շարունակի այս թեման, ապա այդ թեման նրանց համար միանգամից դառնում է անցանկալի: Օտարի մուտքը դեպի իրենց ներքին կյանք նրանք չեմ սիրում: Այնպես որ, նման քննարկումների դեպքում լավ է լինել լուռ ունկնդրի կարգավիճակում:
Եթե հույնը հրավիրում է Ձեզ հյուր, ապա պետք է սերտել ևս մի քանի կանոն: Եթե հյուրընկալողը ապրում է գյուղում և հրավիրում է աղ ու հացի, ապա ոչ մի դեպքում մի հրաժարվեք: Նույնիսկ եթե քաղցած չեք: Տանտիրոջ համար դա կլինի խիստ վիրավորանք: Քաղաքում ավանդույթները մի փոքր այլ են: Նույնիսկ հրավիրված լինելու դեպքում պետք չէ ակնկալել ճոխ հյուրասիրություն: Ձեզ սովորաբար կառաջարկեն գինի, թեյ կամ սուրճ, քանի որ հույները սովոր են ճաշել կամ ընթրել մոտակա սրճարանում: Եթե հրավիրված եք պանդոկ, ապա վճարի համար մի անհանգստացեք. այստեղ ընդունված է, որ ով հրավիրում է, նա էլ վճարում է:
Եվս մեկ կանոն, որը պետք է հիշել, որպեսզի հույն ծանոթներին չդնել անհարմար դրության մեջ: Այստեղ ընդունված չէ հյուր գնալիս հանել կոշիկները: Ձեզ հողաթափ ոչ ոք չի առաջարկի, քանի որ հույները կարևորում են ոչ թե հատակի, այլ ընկերական հարաբերությունների մաքրությունը: Հյուր գնալ նվերով նույնպես ընդունված չէ: Ավելի ճիշտ կլինի դա անեք մինչև հյուր գնալը, այլապես նրանք կարող են մտածել, թե Դուք կարծում եք, որ իրենք բավականաչափ հնարավորությւոն չունեն Ձեզ հյուրասիրելու համար: Իսկ, օրինակ, ծաղիկները այս ջերմ երկրում կընդունվեն մեծ սիրով: Հատկապես, եթե տանը կա կին, ում Հունաստանում աստվածացնում են:
Այժմ այն մասին, թե ինչ ընդհանրություններ ունեն նրանք մեզ հետ: Նրանք շատ պատասխանատու չեն: Եվ եթե ասում են, թե պատրաստ են հանդիպել վաղը, պետք չէ դա բառացի հասկանալ: Դա նշանակում է, որ կհանդիպեն երբևէ, եթե նշանակված չէ հանդիպման կոնկրետ ժամ և տեղ: Ժամադրությունից ուշանալը այստեղ նույնպես ամոթալի չէ: Մեկ ժամ շուտ, մեկ ժամ ուշ. մեծ տարբերություն չկա: Ի վերջո, մեկ ժամը ոչինչ է հավերժության դեմ:
Անցումով փողոցը անցնելիս պետք է զգուշանալ: Հույն վարորդները փողոցն անցնողներին, նույնիսկ, եթե դա անում են «զեբրով», համարում են խոչընդոտ իրենց շումախերյան ճանապարհին: Այնպես որ պետք է զգուշանալ: Սակայն, սա, թերևս, միակ անհարմարությունն է Հունաստանում:
Եվ վերջում, այս երկրում ընդունված է թեյավճար թողնել ամենուր, որտեղ զբոսաշրջիկներին մատուցվում են ծառայություններ: Ռեստորաններում` նվազագույնը ընդհանուր հաշվի 10%-ը: Խորհուրդ է տրվում դա անել նույնիսկ հասարակական զուգարանում, այլապես կարող եք զրկվել այդ վայրի տարրական աքսեսուարից` զուգարանի թղթից: