Ուղևորներին սնունդ են տրամադրում գրեթե բոլոր կանոնավոր չվերթներում, բացառությամբ՝ լոուքոսթերների, որոնք իջեցնում են ավիատոմսերի արժեքը բոլոր հնարավոր միջոցներով։ Հետաքրքրասեր զբոսաշրջիկներին, երևի, արդեն հուզել է այն հարցը, թե որտեղից այդ սնունդը, ով է այն պատրաստում, ամեն ավիաընկերություն ունի իր խոհանոցը, թե բոլորը պատվիրում են նույն տեղից։
Իրականում երկու տարբերակն էլ գոյություն ունի։ Կան ձեռնարկություններ, որոնք մասնագիտացած են ավիասնունդ պատրաստելու գործում։ Նրանք համագործակցում են մի քանի ավիափոխադրողի հետ, իսկ ավիաընկերությունները իրենց հերթին՝ մի քանի խոհանոցների հետ տարբեր քաղաքներում։ Դա թույլ է տալիս ինքնաթիռ բարձրացնել միայն տվյալ չվերթի սնունդը, ոչ թե մեծ թվով սնունդ պտտել տարբեր երկրներով։ Նման շատ ձեռնարկություններ զբաղվում են ծառայությունների փաթեթով․ տրամադրում են սնունդ, իրականացնում մաքրում, զբաղվում հանդերձանքով։
1. Պատրաստում
Ինքնաթիռի սնունդով զբաղվող ընկերությունների տարբերակիչ առանձնահատկությունը անվտանգության բարձր մակարդակն է։ Այնտեղ խիստ հետևում են որակին, օտար անձանց մուտքը արգելված է, որպեսզի խուսափեն զանգվածային թունավորումից։ Ինքնաթիռային սնունդի մեջ չի օգտագործվում կարճաժամկետ սնունդ, օրինակ՝ կաթնաշոռ կամ սերուցք, քանի որ մարսողական խնդիրներ ոչ ոքի պետք չէ։ Հատկապես՝ օդաչուներին․ նրանց սնունդը ևս պատրաստվում է այստեղ, թեև՝ հատուկ ճաշացանկով։
Ընդհանուր առմամաբ, ինչպես ռեստորաններում, պատրաստվում է միանգամից մի քանի տաք ու սառը ուտեստ տարբեր ավիաընկերությունների համար, ինչպես նաև՝ հատուկ ճաշացանկ, օրինակ՝ դիաբետիկների կամ պաս պահողների համար։ Առաջին դասի ուղևորներին, հաճախ, առաջարկում են բարձրակարգ խոհանոցի ուտեստներ, երբեմն էլ՝ միշլենյան խոհարարների պատրաստած։
2. Փաթեթավորում
Տաք ուտեստները փաթեթավորում են փայլաթիթեղի տարաներում էկոնոմ դասի համար, և կերամիկականում՝ առաջին և բիզնես դասի համար։ Դրանց վրա նշվում է, թե ինչ է այն պարունակում։ Սառը ուտեստները տեղադրվում են լանչ բոքսերում և դրվում հերմետիկ փաթեթների մեջ։ Այդ բոլորը դրվում է սկուտեղների վրա, վերջիններն էլ՝ սայլերի, որոնք բորտուղեկցորդուհիները վեհ քայլվածքով բերում են ինքնաթիռի սրահ։ Սայլերը ամեն ավիաընկերության մոտ տարբեր է՝ կախված ձևից և ինքաթիռի մոդելից։ Եթե թռիչքը տևում է երկու ժամից պակաս, ուղևորներին տրամադրվում է միայն սառը նախուտեստներով լանչ բոքսը։
3. Առաքում
Լցված սայլերը կնքում են և վրան նշում պատրաստման ժամանակը, չվերթի համարը, մեկնման և ժամանման կետը, այնուհետև՝ ուղարկում օդանավակայան։ Պատրաստված ուտեստները պահպանվում են մի քանի ժամ, այդ պատճառով տուփերը պատրաստվում են հենց թռիչքի ժամին մոտ։ Իսկ դրանք տաքացվում են հատուկ խցիկում՝ ինքնաթիռի հետնամասում։
4. Մատուցում
Սովորաբար, բորտուղեկցորդուհին առաջարկում է ընտրել երկու ուտեստներից մեկը, որոնք պետք է լինեն համարժեք։ Դրանց ընդհանուր քանակությունը ուղևորների թվին գրեթե հավասար է։ Այդ պատճառով, վերջում ուտեստ ընտրող ուղևորները, սովորաբար, ընտրության հնարավորություն չեն ունենում։