Չարլզ Դարվինի տուն-թանգարանը, որը գտնվում է Լոնդոնից ոչ շատ հեռու, հրավիրում է պատմության բոլոր սիրահարներին այցելել մեծն բնագետի ննջասենյակ։ Դարվինի սենյակը անհասանելի է եղել այցելությունների համար վերջին 100 տարվա ընթացքում, սակայն թանգարանի ներկայացուցիչները որոշել են ռեստավրացիոն աշխատանքներ կատարել և բացել այցելուների համար այն սենյակը, որտեղ գրվել է «Տեսակների ծագումը» հայտնի աշխատանքը։
Կահույքը, գրադարանը և նույնիսկ ննջասենյակը զարդարող արվեստի աշխատանքները դասավորվել են Դարվինի անձնական նամակագրության և նրա ընկերների օրագրերի մանրամասն նկարագրության համաձայն: Այցելուները նաև կարող են ավելին իմանալ Դարվինի առողջության ու հիվանդության մասին, որը նրան գամել է անկողնուն ու դարձել մահվան պատճառը։
Ցուցահանդեսի համակարգող Սառա Մոուլդենը տեղական ԶԼՄ-ների հետ կիսվել է ցուցահանդեսի հաջողության իր տեսլականով․ «Այս սենյակը լույս է սփռում Դարվինի անձնական կյանքի վրա և բացահայտում մեծն գիտնականի բնավորության անհայտ գծերը։ Բոլոր ցանկացողները կարող են թերթել այն վեպերը, որոնք Էմմա Դարվինը կարդացել է իր ամուսնու համար նրա հիվանդության ընթացքում, իմանալ զույգի հանգստի սիրելի տարբերակների մասին և հայացք նետել պատուհանից դուրս, ինչպես դա արել է բնագետը իր փորձերի ժամանակ»։ Դարվինի ննջասենյակը, որտեղ նա ապրել է մինչև 1882 թվականին մահը, պաշտոնապես կբացվի հունիսի 30-ին։