Wyndham հյուրանոցները զեղչ են տրամադրում սմարթֆոնը անջատելու դիմաց
Խելախոսները կպահվեն հատուկ պահատուփերում և կտրամադրվեն տերերին միայն որոշակի ժամերին։
Անխոս, մեր տեխնոլոգիական դարում դժվար է պատկերացնել կյանքն առանց այդ անհրաժեշտ գաջեթների, մասնավորապես, սմարթֆոնի։ Սակայն բջջային հեռախոսի հաճախակի օգտագործումը կարող է բացասական ազդել շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների վրա։
Այդ եզրահանգմանն են եկել Wyndham հյուրանոցային ցանցի ներկայացուցիչները, ովքեր հրապարակել են իրենց հաճախորդների շրջանում անցկացրած հարցման արդյունքները։ Այսպիսով, ծնողների հետ հանգստացող երեխաների 54%-ը սմարթֆոնի օգտագործումը մեծերի կողմից համարում է ավելորդ, իսկ 32%-ը, առհասարակ, իրեն անուշադրության մատնված է զգում։ Այդ պատճառով ցանցի ղեկավարությունը հատուկ առաջարկ է պատրաստել սմարթֆոնից կախում ունեցող բոլոր մեծահասակ հաճախորդների համար։
«Reconnected» ծառայությունների փաթեթը զեղչ է տրամադրում երեխաների հետ հանգստացողներին՝ փոխարենը պահատուփում պահելով նրանց սմարթֆոնները։ Գրանցասեղանի մոտ տեղակայված պահատուփը կբացվի որոշակի ժամերի միայն՝ թույլ տալով մեծահասակներին օգտվել իրենց սմարթֆոններից՝ առանց երեխաներին անտեսելու։ Առաջարկը ներառում է նաև մի շարք զվարճանքներ, որոնք նախատեսված են ընտանեկան հանգստի համար։
Այս ծրագիրը հասանելի կլինի Clearwater Beach, Orlando Bonnet Creek, Chicago Riverfront, Hotel Galvez և The Mills House հյուրանոցներում 2018 թվականի փետրվարի 23-ից սեպտեմբերի 3-ին։