Ըստ վերջին հետազոտությունների` Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) հյուրանոցները ամենաթանկն են աշխարհում: 2012 թվականի առաջին երեք ամսիներին այնտեղ բնակվելու միջին արժեքը կազմում է 192.88 ֆունտ մեկ գիշերվա համար, ինչը 50%-ով շատ է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ. հայտնում է The Telegraph-ը:
Հյուրանոցների ամրագրման HRS կայքը, որն անցկացրել է ուսումնասիրությունը, գտնում է, որ գների կտրուկ աճին նպաստել է տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը` կապված առաջիկա 2014 թվականի ֆուտբոլի Աշխարհի գավաթի և 2016 թվականի Օլիմպիական խաղերի հետ: Նաև հարկ է նշել, որ Ռիո դե Ժանեյրոյի ավանդական կառնավալը այս տարի գրավել էր մեծ թվով զբոսաշրջիկների ողջ աշխարհից: Հյուրանոցների գինը աճել է նաև Մեծ Բրիտանիայում: Լոնդոնում մեկ գիշերվա համար միջին արժեքը 100 ֆունտ է, Լիվերպուլում հյուրանոցային համարները թանկացել են 12.55 %-ով և միջինում կազմում են 71.57 ֆունտ: Մայամիում և Մեխիկոյում գները աճել են մեկ չորրորդով` կազմելով, համապատասխանաբար, 98 և 85 ֆունտ:
Մոսկվայում հյուրանոցային համարի միջին գինը կազմում է 122 ֆունտ, Ցյուրիխում` 116: Ամենատնտեսող տարբերակները առաջարկում են Բանգկոկի, Պրահայի և Պեկինի հյուրանոցները` 50 ֆունտ մեկ գիշերվա համար: Բուդապեշտը առաջարկում է 52 ֆունտ, Վիեննան` միջինում 74 ֆունտ: Հյուրանոցների գները նվազել են Աթենքում, Օսլոյում և Լիսաբոնում, որը պայմանավորված է զբոսաշրջիկների թվի նվազմամբ և քաղաքացիական անկարգություններով: