Սուրբծննդյան և ամանորյա տոների նախաշեմին Բարսելոնայի հյուրանոցները գրանցում են պահանջարկի նվազում՝ բացատրելով դա Կատալոնիայում քաղաքական ճգնաժամով։ Ավելի շատ հյուրերի գրավելու համար կատալոնական մայրաքաղաքի նույնիսկ ամենաթանկարժեք հյուրանոցները զգալի նվազեցնում են գները, պատրաստում հատուկ առաջարկներ և տարատեսակ բոնուսներ։
Ինչպես հայտնում է «Իսպանիան ռուսերեն» պորտալը՝ չորսաստղանի հյուրանոցում այժմ կարելի է գտնել համար 60 եվրոյով․ անհավանական ցածր գին նման մակարդակի հյուրանոցի համար Բարսելոնայում։ Քաղաքի սրտում գտնվող Լա Ռամբլա բուլվարում կարելի է գիշերել 79 եվրոյով, Պասեո դե Գրասիայում՝ 69 եվրոյով, իսկ հինգաստղանի հյուրանոցում՝ 160 եվրոյով և ավելի մատչելի։
Բարսելոնայի հյուրանոցային ոլորտի աշխատակիցների գիլդիայի տվյալներով՝ միայն հոկտեմբերին Բարսելոնայում համարի միջին արժեքը 156-ից նվազել է 147 եվրո։ Իսպանիայի Վիճակագրության ազգային ինստիտուտը տվյալներ է ներկայացնում, որոնք վկայում են, որ Բարսելոնան, որպես տուրիստական ուղղություն, պակաս գրավիչ է դարձել․ հոկտեմբերին Բարսելոնայի հյուրանոցներում անցկացրած գիշերների թիվը նվազել է 2,7%-ով, նրանք կորցրել են իրենց հաճախորդների 4,4%-ին, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նվազել է 4,7%-ով։ Միևույն ժամանակ՝ Իսպանիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների աճ 1,8%-ով։