Շվեյցարիայի` Լիխտենշտեյնին սահմանակից Սևելեն քաղաքում բացվել է «0 աստղանի» հյուրանոց` «Null Stern Hotel»: հյուրերին առաջարկվում է ընդհանուր լոգարան և ոչ մի առանձին համար: Հյուրանոցում միաժամանակ կարող են տեղավորվել ընդամենը 54 մարդ: Այս հյուրանոցի առավելությունն այն է, որ այն առաջարկում է շատ ցածր գին` 9-13 դոլար մեկ գիշերվա համար: Այդ պատճառով հյուրանոցում տեղը ամրագրում են մի քանի ամիս առաջ:
Ի սկզբանե այս հյուրանոցը եղել է ստորգետնյա միջուկային բունկեր: Այնտեղ հյուրանոց ստեղծելու միտքը պատկանում է նկարիչ-դիզայներ Ֆրանկ և Պատրիկ Ռիկիլն եղբայրներին: Նրանք նախագծել են «0 աստղանի» հյուրանոցի ինտերիերի յուրօրինակ դիզայնը: Ղեկավարության կողմից եղել է հրաման, որ բունկերի պատերից և ոչ մեկը չպետք է հեռացվի:
Սովորական հյուրանոցների հետ համեմատած` այս հյուրանոցում պակասում են նաև լուսամուտը, հեռուստացույցը և սպասարկման ծառայությունը: Լուսամուտների փոխարեն օգտագործվում են նախասրահի մոնիտորները, որոնց միջոցով էլ կաարելի է տեսնել արտաքին աշխարհը: Հեռուստացույցի փոխարեն առաջարկվում է մեծ էկրան, որի վրա արտացոլված է դրսի տեսախցիկի տեսագրած պատկերը: Հյուրանոցի հաճախորդներին տրվում է մաքուր սպիտակեղենի մեկ փաթեթ:
Տաք ջուր հյուրանոցում լինում է միայն առավոտյան, այնպես որ, տաք ջրով լոգանք ընդունելու համար պետք է վաղ արթնանալ: Շինության միջին ջերմաստիճանը կազմում է 15°C, սակայն բոլոր ցանկացողներին տրամադրվում է տաք ջրով լցված շիշ, որպեսզի տաքացնեն անկողինը:
Հյուրանոցում հաճախորդներին առաջարկվում է մեկ կամ երկու տեղանոց հարմարավետ անկողին` մաքուր սպիտակեղենով: