Ֆրանսիական կառավարությունը հավանության է արժանացրել Raleigh Studios ամերիկյան ընկերության մի նախագիծ, ըստ որի, Թուլուզի մոտակայքում կստեղծվի նոր կինոստուդիա, որն էլ Եվրոպայում իրեն հավասարը չի ունենա: Ճարտարապետական նախագծի հեղինակ Բրունո Գրանժան լրագրողներին ասել է, որ եթե բոլոր իրավական հարցերը այս տարի լուծվեն, ապա արդեն 2013 թվականին հնարավոր կլինի սկսել շինարարական աշխատանքները, իսկ ահա առաջին ֆիլմը հնարավոր կլինի նկարահանել 2014 թվականին:
Թուլուզը ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ խոշոր քաղաք է: Երկրի հարավում գտնվող արևոտ քաղաքը համարվում է երկրի գիտական և ժամանակակից տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոն: Թուլուզում գնալով զարգանում է թվային տեխնոլոգիաներն ու կինոմատոգրաֆիան. այսինքն Թուլուզը կատարյալ է «Եվրոպական Հոլիվուդ» կոչման համար: Բացի այդ ամենը, Արևմտյան Եվրոպայի կենտրոնում գտնվելը և աշխարհագրական դիրքը Թուլուզի ակնհայտ հաղթաթուղթն են: Քաղաքը ունի իր բարձրագույն ձայնատեսողական տեխնոլոգիաների դպրոցը: Այս ահռելի նախագծի շնորհիվ մեծ հնարավորություն կբացվի տարածաշրջանի զարգացման համար և կստեղծվեն բազում նոր աշխատատեղեր: Ըստ մասնագետների հաշվարկի` դրանք կլինեն 5 000-ից ոչ քիչ:
«Այսօր Ֆրանսիան այն երկիրն է, որն ամեն տարի հեռուստաընկերության համար նկարահանող ֆիլմերի և սերիալների համար ծախսում է 2-3 միլիոն եվրո գումար: Եվ հենց դա է հետաքրքրում Raleigh Studios ընկերությանը»,- հավաստիացնում է Film France ընկերության ներկայացուցիչը: Raleigh Studios ընկերությունը կստեղծի 16 տաղավարներով ֆիլմերի մատակարարման գլոբալ կենտրոն: Թուլուզի մոտ գտնվող նոր կինոստուդիաները արդեն կնքվել են «Հոլիվուդ Գարոնի վրա» անունով (Գարոնը գետ է, որը հոսում է Ֆրանսիայի ողջ տարածքով):