Շանհայի Holiday Inn Shanghai Pudong Kangqiao հյուրանոցում կառուցել են ամենաէքստրիմալ լողավազանը ողջ աշխարհում: Լողալ այստեղ կարող են ոչ բոլորը և դրա պատճառը բացվող տեսարանն է: Փակ լողավազանը տեղակայված է 24-րդ հարկում, իսկ լողավազանի մի մասը դուրս է մնում հիմնական շենքից: Ընդ որում` հատակը թափանցիկ է, այսինքն` ապակյա: Հյուրանոցի հյուրերը, լողալով այդ լողավազանով, իրենց զգում են երկնքում ճախրելիս:
Լողավազանից կարելի է հետևել Շանհայի գործունյա կյանքին: Պարզ է, որ բարձրությունից վախեցող մարդկանց խորհուրդ չի տրվում լողալ այս լողավազանում: Լողավազանի երկարությունը 30 մետր է, լայնությունը` 6 մետր, խորությունը` 1.5 մետր: Նման այլ լողավազան Չինաստանում չկա: Նախագծի հեղինակը սինգապուրյան Chan Sau Yan Associates դիզայներական ընկերության մասնագետներն են. հայտնում է CNN-ը: Holiday Inn Shanghai Pudong Kangqiao-ն բացվել է 2011 թվականի մայիսին, ունի 390 համար: