Ավանդական ամանորյա տոնից բացի Հելսինկիում այս տարի կնշվի նաև ևս մեկ միջոցառում: Այն նվիրված կլինի քաղաքը Համաշխարհային դիզայնի մայրաքաղաք կոչվելուն` World Design Capital 2012: Սենատի հրապարակում տեղի կունենա այդ կոչումը Հելսինկիին և մյուս` Էսպո, Վանտա, Կաունիայնեն և Լահտի քաղաքներին հանձնելու պաշտոնական արարողությունը:
Տոնական գիշերը հրապարակում կլինի վիդեո և լազերային շոու, շրջապատող շինությունները մշտապես կփոխեն իրենց տեսքը, իսկ կեսգիշերին, շնորհիվ “Փառք Հելսինկիին” տեսագրության, կվերածնվի Մայր տաճարը: Ողջ միջոցառման տրամադրությունը ուղղված կլինի ապագային: 22.00-ից հրապարակում կաշխատի բարը, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է երդվել ինչ-որ կարևոր գործ անել եկող տարում, հայտնում է heslinki.ru-ն: Բացի այդ ամենը, ինչպես և անցած տարիներին, այս տարի ևս, բոլոր հյուրերին տոնական զբոսանքի ժամանակ սպասվում է զանազան համերգներ, Հելսինկիի քաղաքապետ Յուսի Պայունենայի ողջույնի խոսքը և զարմանահրաշ հրավառություն:
Հելսինկին ռուս զբոսաշրջիկների կարծիքով ամենահարմարավետ երկիրն է ամանորյա տոները անցկացնելու համար: Համաձայն զբոսաշրջության տեղական բյուրոյի տվյալների` Սուրբ Ծննդյան և Մկրտության տոների ընթացքում քաղաքի հյուրանոցներում ավելի քան 22 հազար ռուս զբոսաշրջիկներ են այցելում: Իսկ ընդհանուր առմամբ` ֆին մայրաքաղաքային տարածաշրջանը Ռուսաստանից կընդունի 130 հազար զբոսաշրջիկների: