Աշխարհի ամենաանսովոր և գեղեցիկ քաղաքներից մեկն է համարվում Շեֆշաուենը, որը գտնվում է Մարոկկոյի հյուսիս-արևմուտքում։ Հնագույն քաղաքը ամեն տարի գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների՝ շնորհիվ իր գլխավոր առանձնահատկության․ նրա բոլոր տները ներկված են կապույտ գույնի տարբեր երանգներով։
Շեֆշաուենի հիմնադրումը թվագրվում է 1471 թվականին։ Քաղաքը բնակեցրել են Իսպանիայից փախստականները՝ մահմեդականներ և հրեաներ։ Նրանք որոշել են ներկել տները կապույտ գույնի, որը կհիշեցնի նրանց Աստծո և երկնքի մասին։ Այդ ավանդույթն արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունի և պահպանվում է մինչ օրս։
Շեֆշաուենը իրենից ներկայացնում է փողոցների լաբիրինթոս՝ պատված սալահատակով։ Քաղաքի կենտրոնում գտնվում է մեդինան։ Շնորհիվ նեղ փողոցների և տների բարձր պատերի՝ քաղաքը գտնվում է ստվերի մեջ, այդ պատճառով հնագույն ճարտարապետությունն ուսումնասիրելու համար այնքան էլ շոգ չէ։
Շեֆշաուենը փոքրիկ մաքուր քաղաք է։ Մի օրում նրանով կարելի է շրջել մի քանի անգամ։ Բայց եթե ցանկանում եք այստեղ երկար մնալ, ձեր տրամադրության տակ են կոլորիտային հյուրանոցները։
Քաղաքում կան հուշանվերային տաղավարներ, բայց դրանք այնքան էլ շատ չեն։ Վաճառականները չեն պարտադրում զբոսաշրջիկներին իրեր, այդ պատճառով կարելի է հանգիստ և առանց իրարանցման գնալ շոփինգի։ Անպայման այցելեք արհեստանոցներ։ Հատուկ պահանջարկ են վայելում կաշվե իրերը, որոնք զբոսաշրջիկները գնում են որպես հուշանվեր։
Երկար ժամանակ Շեֆշաուենը համարվել է սուրբ վայր և փակ է եղել այլ հավատքի ներկայացուցիչների համար։ Այսօր այն բաց է բոլոր զբոսաշրջիկների առջև։ Բայց պատրաստ եղեք երկար ճանապարհի․ ճանապարհորդներին սպասվում է նվազագույնը 3 ժամ ճանապարհ ավտոբուսով Շեֆշաունին ամենամոտը գտնվող Տանժերա քաղաքից, ընդ ոորւմ՝ տոմսերը ավելի լավ է ամրագրել նախապես։