Food Fest Yerevan 2017 – սեպտեմբերի 14-16

Սեպտեմբերի 14-16-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի Սննդի փառատոն՝ Food Fest: Այս մասին Banks.am-ի հետ զրույցում հայտնել է «Հարթակ ֆուդ ֆեսթի» ղեկավար Աննա Մազմանյանը:

Միջոցառումն անցկացվում է «Հարթակ» փառատոնի շրջանակում, որի մի հատվածը տեղի է ունեցել հունիսի 10-11-ին Գյումրիում: «Հարթակն» անցկացվում է 2015-ից եւ իրենից ներկայացնում է փորձի փոխանակման փառատոն 4 ոլորտներում՝ ՏՏ, արվեստ, առողջ ապրելակերպ եւ սնունդ: Փորձի փոխանակումն իրականացվում է վարպետության դասերի, վորքշոփերի եւ ոչ ֆորմալ դասախոսությունների միջոցով:

Yerevan Hartak Food Fest 2017

Աննա Մազմանյանն ասել է, որ հաշվի առնելով փառատոնի մեծ ծավալները՝ այս անգամ որոշվել է սննդի ոլորտն առանձնացնել ընդհանուր փառատոնից, որպեսզի այն ավելի արդյունավետ կազմակերպվի: Ավելին, հաշվի առնելով ամռան ամիսներին փառատոնային խիտ գրաֆիկը, որոշվել է այն անցկացնել սեպտեմբերին, որպեսզի մարդիկ ընտրության առջեւ չկանգնեն:

Աննա Մազմանյանի խոսքով՝ միջոցառման առաջին երկու օրերին անցկացվելու են վարպետության դասընթացներ եւ վորքշոփեր շեֆ խոհարարների, ֆուդ-բլոգերների ու լրագրողների համար: Դասընթացները, նախատեսվում է, որ կվարեն հիմնականում արտասահմանից հրավիրված մասնագետներ: Մասնագետների ցանկն արդեն որոշված է, եւ սպասում են հաստատմանը:

Փառատոնի վերջին օրը՝ սեպտեմբերի 16-ը, ամբողջությամբ կնվիրվի ռեստորաններին: Միջոցառման վայրը դեռ հստակեցված չէ, սակայն նախատեսվում է, որ այն կլինի կանաչ տարածքում: Յուրաքանչյուր ռեստորան կունենա իր անկյունը (որն իր դիզայնով կհիշեցնի ռեստորանի մինի տարբերակը)՝ միջոցառման համար հատուկ ճաշացանկերով: Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցեն շուրջ 20 ռեստորաններ, ինչպես նաեւ սննդի արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

Աննա Մազմանյանը հույս է հայտնում, որ միջոցառումը կդառնա ամենամյա եւ կվերածվի փորձի փոխանակման մեծ հարթակի ռեստորանային, հյուրանոցային եւ ընդհանուր առմամբ սննդի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալների եւ սիրողականների համար, իսկ այդ օրերին Երեւանը կդառնա տարածաշրջանի գաստրոնոմիկ կենտրոն:

Թեեւ վստահ է՝ միջոցառմանը ներկա կլինեն նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկներ, այնուամենայնիվ, Աննա Մազմանյանը կարծում է, որ միջոցառումն ավելի արդյունավետ կլինի հենց տեղացի պրոֆեսիոնալների համար:

Միջոցառման հետագա աշխատանքները համակարգելու համար Facebook-ում բացվել է Hartak Food Fest էջը, իսկ սոցցանցերում միջոցառման պաշտոնական հեշթեգերն են՝ #TakeEatEasy, #HartakFood, #GastroYerevan:

Աղբյուրը՝ BANKS.am

You might also like