Տիկնայք կարող են տեսնել Աթոս լեռան եզակի հոգևոր և պատմական հուշարձանները միայն վիրտուալ ձևով: Իրական կյանքում կանանց համար մուտքը դեպի Աթոս լեռ շարունակում է փակ մնալ: Վիրտուալ ճանապարհորդությունը հնարավոր կլինի իրականացնել միայն Աթոսի մշակութային թանգարանի թվայնացման ծրագրի ավարտից հետո, որի արժեքը կազմում է 1998750 եվրո:
Նախատեսվում է, որ թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեղեկանալ Սուրբ Լեռան բնակիչների հոգևոր և առօրյա կյանքի մասին, ինչպես նաև` հետևել Աթոսի ողջ պատմությանը: Թվայնացված թանգարանի եռաչափ ցուցադրումը հասանելի կլինի միանգամից երկու վայրերում: Հիերիսոս քաղաքի մշակույթի կենտրոնում, որտեղ բացի ավանդական ցուցասրահներից կա նաև ամֆիթատրոն բոլոր ժամանակակից հարմարություններով եռաչափ ֆիլմ դիտելու համար:
Թանգարանի երկրորդ մասնաճյուղը կգտնվի Զիգու մենաստանի տարածքում, որը համարվում է վանական պետության դարպասները: Թանգարանի ցուցանմուշները կբաժանվեն հետևյալ կերպ. վանքի բնական միջավայրը, յուրաքանչյուր վանքի մշակութային հարստությունը, վանականների ամենօրյա կյանքը: Ինչպես նաև` այստեղ հնարավոր է իմանալ վանքերի, գրադարանների, հրաշագործ սրբապատկերների ճարտարապետական յուրահատկությունների մասին և այլն: