Գորիսի տուրիստական զարգացման ծրագիրը հաստատվել է
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Գորիս քաղաքն իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավագույն հնարավորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը։
Տուրիզմի զարգացման ծրագրում ներառված միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Հայաստանի 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում նախատեսել միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ։
«Ծրագրի նպատակն է նպաստել Գորիսի պատմամշակութային միջավայրի վերականգնմանը, ձևավորել և զարգացնել քաղաքի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող գովազդատեղեկատվական համակարգ, հիմնել «Զանգեզուր» տեղեկատվական կենտրոն, քաղաքը վերածել տարածաշրջանային ամենամյա ավանդական փառատոն կազմակերպող միջազգային կենտրոնի»,– հունվարի 31–ի կառավարության նիստում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ / Աղբյուրը՝ emedia.am