«Ոսկե ծիրան 2012»-ին ներկայացվելիք ֆիլմերի ցանկը

«Ոսկե ծիրան» (Golden Apricot) Երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային փառատոները, և այս տարի կներկայացվեն բազմաթիվ հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Միքայել Ստամբուլցյանը:

«Այս տարի ներկայացված ֆիլմերից կառանձնացնեի Ֆրենսիս ֆորդ Կոպոլայի վերջին «Միջև» ֆիլմը, որը կներկայացվի 3 ֆորմատով, ինչպես նաև Ագնեշկա Հոլանդի «Խավարում» ֆիլմը, որը 2012 թ. «Օսկար»-ի 5 նոմինանտներից էր: Այս տարի փառատոնին ներկա կլինեն Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը, Վադիմ Աբդրաշիտովը և Կոսիմա Սպենդերը և իրենք կներկայացնեն իրենց ֆիլմերը»,-ասաց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը: Նրանց հետ կկազմակերպվեն քննարկումներ, հանդիպումներ:

«Այս տարի, ավանդույթի համաձայն, կներկայացվի մոտ 150 ֆիլմ, թեև այս տարին աննախադեպ է եղել գրանցված ֆիլմերի առումով, բայց մենք մեր ծրագրերի ոչ ցանկը, ոչ տեղը չենք կարող ընդլայնել: Եթե լավ ֆիլմեր ենք բերում, պետք է լավ պայմաններ ապահովենք, իսկ մենք դա չունենք»,-ասաց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Կանցկացվեն նաև ռեժիսորների հետ հանդիպումներ և քննարկումներ:

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում ներառված կլինեն Էլդար Շենգելայայի, Վիկտոր Էրիսեի, Ալեքսանդր Սակուրովի 4 ֆիլմերը:

«Հարգանքի տուրք» ծրագրում ավանդաբար կներկայացվեն Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Անդրեյ Տարկովսկու հոբելյանները: «Մենք որոշեցինք Յուրի Երզնկյանի 90–ամյա հոբելյանի հետ կապված այդ ծրագիրը անվանել «Երզնկյանը և իր արվեստանոցները», Ֆ. Դովլաթյանի 85-ամյա հոբելյանին նվիրված ծրագիրը անվանել ենք «Երկունք», որի ընթացքում կներկայացվի նրա համանուն այս կինոնկարը և Ա. Տարկովսկու հոբելյանական տոնին նվիրված մենք ցուցադրելու ենք 2 ֆիլմ, մեկը «Ավետարան ըստ Անդրեի» և «Սոլյարիս» ֆիլմերը»,-ասաց Մ. Ստամբուլցյանը:

ԱՊՀ ծրագրում կներկայացվեն նաև ԱՊՀ շուրջ 20 ֆիլմերի ցուցադրություններ, որի ընթացքում կկազմակերպվեն կլոր-սեղան քննարկումներ, սեմինարներ և այլն:

«Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» կոչումը ստանձնելու կապակցությամբ փառատոնին կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը, որտեղ կներկայացվեն Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» և «Պատվի համար» , Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» և «Խաթաբալա», Ա. Բակունցի «Միրհավ» պատմվածքի հիման վրա «Այս կանաչ, կարմիր աշխարհը», Հ. Մաթևոսյանի «Աշնան արև», Հովհաննես Թումանյանի «Աղքատի պատիվը» և «Տերն ու ծառան», Ատրպետի «Տժվժիկը», Չարլզ Դիկենսի «Օլիվեր» , Թոմաս Մանի «Մահը Վենետիկում» ֆիլմերը և այլն:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հովանավորը ՀՀ մշակույթի նախարարությունն է և «VivaCell-MTS» ընկերությունը: / Աղբյուրը՝ Aysor.am

You might also like