Գերմանական ռեստորանում հրաժարվել են սպասարկել Շվեդիայի թագավորին

Գերմանական Zum Gueldenen Stern ռեստորանում հրաժարվել են սպասարկել Շվեդիայի թագավորին և թագուհուն, ովքեր այցելել էին ռեստորան:

Ռեստորանի տիրուհի Նադին Շելենգբերգերը խոստովանել է, որ մի քանի օր առաջ ներս չի թողել Շվեդիայի Կարլ XVI  Գուստավ թագավորին և նրա կնոջը` թագուհի Սիլվիային, քանի որ այդ պահին ռեստորանում հարսանիք էր և բոլոր մատուցողները զբաղված էին:

«Ես չճանաչեցի նրանց: Նրանք առանց թագի և գավազանի էին,-կատակել է XVI դարում հիմադրված պանդոկի տիրուհին,- Ես չեմ հետաքրքրվում թագավորական ընտանիքներով, ժամանակ չունեմ ամսագրեր կարդալու համար», – ավելացրել է նա:

Ընդ որում` Նադին Շելենգբերգերը ավելացրել է, որ եթե անգամ ինքը իմանար, թե ով է իր առջև, միևնույն է, դա որևէ կերպ չէր անդրադառնա իր որոշման վրա: «Դռնապան լինի, թե թագուհի, մեզ մոտ այդ ժամանակ պարզապես ազատ ձեռքեր չկային: Հասկացեք, մեր ձեռքերը կապված էին» –պարզաբանում է նա:

Թեև, ինչպես նշում է The Local-ը, Նադինը և նրա ամուսին Մայքլը պատրաստվում են պաշտոնական ներողություն ուղարկել շվեդական թագավորական ընտանիք և հրավիրել նրանց ճաշի իրենց պանդոկ նրանց հարմար ցանկացած ժամանակ:

«Մենք ցանկանում ենք նրանց ասել, որ իսկապես  ցավում ենք, որ  չենք կարողացել սպասարկել նրանց, բայց հետագայում մենք դա կանենք մեծ ուրախությամբ», –վստահեցրել է Նադինը:

Ասում են, որ  Zum Gueldenen Stern-ում մերժում ստանալով, թագավորական զույգը ճաշել է հարևան իտալական ռեստորանում:

You might also like