Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:
Հյուսիսային Եվրոպա
Դանիայում XIX դարից սկսած շքերթը ղեկավարում է սմորեբրոդը` նույն ինքը բուտերբրոդը: Մտածում եք՝ մի քիչ հասարակ է ազգային ուտեստ լինելու համար: Ամենևին: Դանիական բուտերբրոդները արվեստի գործեր են: Դրանք երեք տեսակի ձկով պատրաստված բուտերբրոդներ են, քաղցր բուտերբրոդներ՝ խտացրած կաթով, բուտերբրոդներ ձվով, սոխով և պանիրով, մսով և բանջարեղենով, մրգերով և շոկոլադով: Կոպենհագենի հենց սրտում անգամ ռեստորան կա, որի ճաշացուցակի մեջ ընդգրկված է 147 տեսակի բուտերբրոդներ:
Էստոնիայում խոհանոցը շատ նման է ռուսականին` խոլոդեց, օլիվիե աղցան, ճակնդեղ, տարեկանի հաց: Առանձնացնել կարելի է միայն արյունոտ երշիկը, որը Ռուսաստանում այնքան էլ պահանջարկ չունի, որքան Էստոնիայում: Այն առատորեն լցոնում են խոշոր կտրատած բեկոնով և վաճառում են ցանկացած մթերային խանութում: