Երեւանի կենտրոնից՝ «Զվարթնոց» օդանավակայան․ առաջին երթուղային ավտոբուսը

Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի «Զվարթնոց» օդանավակայան է ուղեւորվել առաջին երթուղային ավտոբուսը:

Zvartnots International Airport, Yerevan ArmeniaԵրթուղին փորձնական է, աշխատելու է շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Ուղեւորափոխադրումներն իրականացվելու են Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից՝ գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով եւ օդափոխիչներով։

Փոխադրավարձը մեկ ուղեւորի համար 300 դրամ է։

«Զվարթնոց» մեկնող ավտոբուսի առաջին ուղեւորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին:

«Մեր քաղաքացիները վաղուց արժանի են բարձրակարգ, հարմարավետ ավտոբուսներով ուղեւորվելու օդանավակայան եւ այնտեղից վերադառնալու: Մասնավոր-պետություն համագործակցության արդյունքում որոշեցինք փորձարկել այս նոր երթուղին՝ հասկանալու դրա պահանջվածությունը»,- Banks.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը:

Yerevan airport

Նա տեղեկացրել է, որ երթուղու ժամանակավոր սպասարկող է նշանակվել «Էլիտ բաս» ընկերությունը:

From Zvartnots Airport to Yerevan City Center Bus Transfer«Դեռեւս հստակ չէ՝ երթուղին շահավետ կլինի, թե ոչ, եւ արդյոք մեր ֆիքսած 300 դրամ փոխադրավարձը կարդարացնի իրեն: Այս ռիսկերը հաշվի առնելով՝ մասնավոր ընկերություններից համագործակցության պատրաստակամություն է հայտնել «Էլիտ բաս» ընկերությունը, որն էլ ճանաչվել է երթուղու ժամանակավոր սպասարկող:

Մեկ-երկու ամսվա ընթացքում, երբ պարզ կդառնա երթուղու պահանջվածությունը, եւ կորոշվի այն դարձնել մշտական, կհայտարարվի մրցույթ եւ հաղթողին կտրվի երթուղին սպասարկելու իրավունքը»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ երթուղին գործելու է առանց պետական սուբսիդավորման:

Երևան, Զվարթնոց օդանավակայանԱնդրադառնալով ուղեբեռի տեղափոխման հարցին՝ Արամ Արսենյանը նշել է, որ օդանավակայանի կարեւորագույն պահանջներից է եղել, որպեսզի բեռնախցիկն առանձնացված լինի ուղեւորասրահից եւ ուղեւորը բեռով չբարձրանա ավտոբուս: Փոխնախարարի խոսքով՝ գործարկված երթուղու ավտոբուսները լիովին համապատասխանում են այս պահանջին եւ ունեն համապատասխան կահավորանքը:

Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին գործարկվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

Երևան-Զվարթնոց օդանավակայան երթուղին հետևյալն է՝

Մեկնում – Հանրապետության Հրապարակ
Կանգառ 1 – Մաշտոցի պողոտա, Փակ շուկայի կանգառ
Կանգառ 2 – Կենտրոնական ավտոկայան
Ժամանում Զվարթնոց օդանավակայան
Վերադարձը՝ նույն երթուղով հակառակ ուղղությամբ

Ավտոբուսները շարժվում են յուրաքանչյուր կլոր ժամի՝ 24 ժամ։

Աղբյուրը՝ Banks.am | Գլխավոր լուսանկարը՝ Banks.am | Այլ լուսանկարներ՝ TravelNews.am