Booking.com ընկերությունը հարցում է անցկացրել 26 երկրից 19 հազար ճանապարհորդների շրջանում և, պատասխանները համադրելով իր ունեցած տվյալների հետ, բացահայտել 2018 թվականի խոհարարական տուրիզմի գլխավոր միտումները։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաջորդ տարի խոհանոցը կդառնա ամենակարևոր չափորոշիչներից մեկը ճանապարհորդների համար երկիր ընտրելիս․ հարցման մասնակիցների ավելի քան երկու երրորդը (64 %) ցանկանում է համտեսել հանգստյան վայրի տեղական ուտեստները։ Որոշների համար դա նույնիսկ որոշիչ գործոն է․ 22 %-ը պլանավորում է մեկնել ճանապարհորդության միայն հանուն համեղ ուտեստների, իսկ 25 %-ը կխուսափի այնպիսի վայրերից, որոնք հայտնի չեն իրենց խոհանոցով։
Ճանապարհորդող համադամասերների համար կարևոր դեր ունեն տեխնոլոգիաները։ 2018 թվականին ճանապարհորդների գրեթե մեկ երրորդը (29 %) պատրաստվում է ընտել ուղղություն՝ տեղական ռեստորանների մասին կարծիքների հիման վրա, իսկ 31 %-ը՝ ավելի հաճախ լուսանկարել սնունդը, որպեսզի ավելի շատ ախորժալի նկարներ տեղադրի համացանցում ու զարմացնի ընկերներին։
Այլ հետաքրքիր եզրահանգումներից են․
- Ճանապարհորդների կեսը (51 %) մտադիր է այցելել փողոցային սնունդով շուկաներ։ Հարցման մասնակիցները փողոցային սնունդի համար խորհուրդ են տալիս այցելել Բանգկոկ, Թայբեյ, Ստամբուլ և Ջորջթաուն։
- Ամեն հինգերորդ հարցման մասնակից (23 %) պատրաստվում է այցելել ավելի շատ Միշլենյան ռեստորաններ։ Զբոսաշրջիկները խորհուրդ են տալիս բարձրակարգ խոհանոցի համար այցելել Հռոմ, Դուբայ, Փարիզ, Սան Պաուլու և Լոնդոն։
- Վառ տպավորությունները պակաս կարևոր չեն, քան՝ համեղ ուտեստները։ Ճանապարհորդների կրեթե կեսը (49 %) պատրաստ է համարձակ գտնվել ուտեստների ընտրության հարցում և համտեսել հնարավորինս նոր բաներ, իսկ 54 %-ը՝ ուտել յուրօրինակ ուտեստներ։
Ինչ ուտեստներ էլ որ դուք նախընտրեք՝ բարձրակարգ, փողոցային, թե էկզոտիկ, տեղի խոհանոցի հետ ծանոթությունը կօգնի իսկապես ճանաչել այդ երկրի մշակույթը։