ԱՄՆ-ից Կուբա է ուղևորվել 50 տարվա մեջ առաջին կռուիզային նավը․ փոխանցում է Channel News Asia-ն։ Ֆլորիդյան Fathom line օպերատորի Adonia նավը, որը պատկանում է Carnival կոորպորացիային, խարսխված էր Մայամիում, որտեղից մեկնել է մայիսի 2-ին 15:30-ին 700 ուղևորներով։
Այս կռուիզը կդառնա առաջինը Carnival-ի կազմակերպած ուղևորությունների շարքում, որոնց նպատակն է երկու երկրների մշակութային փոխանակումների խթանումը։ Ենթադրվում է, որ նավարկություն կիրականացվի ամսվա մեջ երկու անգամ։ Կռուիզի տոմսի արժեքը մեկ հոգու համար կազմում է 1800-ից 7000 դոլար։
Adonia նավի նավարկության ընթացքում նախատեսված են մշակութային միջոցառումներ կայանման նավահանգիստներում՝ Հավանայում, Սենֆուեգոսեում և Սանտյագո դե Կուբայում։ Դրանք կլինեն հանդիպումներ նկարիչների, երաժիշտների և գործարարների հետ, ինչպես նաև՝ պարային դասընթացներ և էքսկուրսիաներ։Նախանցյալ շաբաթ Կուբայի կառավարությունը վերացրեց ԱՄՆ-ի հետ ծովային կապի սահմանափակումները։ Միացյալ Նահանգներում կանոնավոր տուրիզմը դեպի Կուբա դեռևս արգելքի տակ է, բացառությամբ այն դեպքերի, երբ ճանապարհորդությունը կապված է մշակութի, գիտության, սպորտի կամ կրոնի հետ։ ԱՄՆ-ից Կուբա կանոնավոր չվերթները, ինչպես ակնկալվում է, կսկսվեն տարեվերջին։
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Կուբան ամերիկյան կառավարության նախաձեռնությամբ մի քանի տասնամյակ անց կրկին վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։ Մարտին նախագահ Բարաք Օբաման իրականացրեց ԱՄՆ նախագահի առաջին այցը Կուբա վերջին 90 տարիների ընթացքում։ Ամերիկյան առաջնորդը բանակցություններ վարեց Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ։ 2014 թվականին երկու կողմերն էլ բացեցին իրենց դեսպանությունները համապատասխանաբար Վաշինգտոնում և Հավանայում։