«Ստադ դե Ֆրանս» (ֆր․ Stade de France) -մարզադաշտ Ֆրանսիայում, որը գտնվում է Փարիզի հյուսիսային Սեն Դենի արվարձանում։ Կառուցվել է 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, որն անցկացվում էր Ֆրանսիայում։ «Ստադ դե Ֆրանսին» վստահված էր ընդունել մրցաշարի գլխավոր խաղը՝ եզրափակիչը։ Ներկայումս այն տեղավորում է 81 000 հանդիսատես (ֆուտբոլի և ռեգբիի խաղերին)։ Շինարարության վրա ծախսվել է շուրջ 285 միլիոն եվրո։
Ներկայումս մարզադաշտում իրենց տնային հանդիպումներն են անցկացնում Ֆրանսիայի ֆուտբոլի և ռեգբիի հավաքականները։
Կոնֆիգուրացիան թույլ է տալիս ընդունել նաև թեթև ատլետիկայի մրցաշարերը, այստեղ անցկացվել է 2003 թվականի թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունը, ամեն տարի անցկացվում է նաև Meeting Areva մրցաշարը։
Երբ Ֆրանսիան իրավունք ստացավ ընդունել 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, սպորտային իշխանությունները որոշեցին նոր մարզադաշտ կառուցել։ Սկզբում շինարարության համար տեղ ընտրվեց Մելուն Սենարը, որը գտնվում է Փարիզի հարավում։ Սակայն այս վայրի՝ մայրաքաղաքից հեռու լինելու մասին բողոքները ստիպեցին կազմակերպիչներին փոխել որոշումը և շինարարությունը տեղափոխել Փարիզի հյուսիսային Սեն Դենի արվարձան։
Առաջին ազգային մարզադաշտը եղել է «Կոլոմբը», որն ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1938 թվականին։ Այնուհետև, գլխավոր արենա դարձավ «Պարկ դե Պրենսը»։ Սակայն նույնիսկ 1975 թվականի վերանորոգումից հետո «Պարկը» հարմար չէր այդ դերի համար։ Նախ այն գտնվում էր Փարիզի բնակելի թաղամասում, բացի այդ, տեղավորում էր ընդամենը 50 000 հանդիսատես, որը քիչ էր աշխարհի առաջնության համար։ Ինչը չի կարելի ասել «Ստադ դե Ֆրանսի» մասին, որը դարձավ Եվրոպայի ամենամեծ մարզադաշտերից մեկը։
Մարզադաշտը բացվեց 1998 թվականի հունվարին Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների ընկերական խաղով։ Մինչև վերջին պահը պարզ չէր՝ հանդիպումը կկայանա, թե ոչ։ Խաղն ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Մարզադաշտի պատմության մեջ առաջին գոլը խաղի 20-րդ րոպեին խփեց 25-ամյա Զինեդին Զիդանը։
Այս նույն մարզադաշտում Ֆրանսիան առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում բրազիլացիներին հաղթելով 3:0 հաշվով։
Սակայն մարզադաշտի կենսունակության մասին հարցը դեռևս բաց է մնում։ Նախատեսվում էր, որ այն կդառնա «Պարի Սեն Ժերմենի» տնային արենան, բայց ակումբը որոշեց մնալ «Պարկ դե Պրենսում»։
Այս տարի՝ 2016-ին, մարզադաշտը ընդունում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության յոթը խաղ, այդ թվում՝ բացման խաղը (հունիսի 10-ին) և եզրափակիչը (հուլիսի 10-ին)։Ամենասկզբից մարզադաշտը նաև դարձավ միջազգային մակարդակի համերգային հարթակ։ 1998 թվականի հուլիսի 25-ին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից երկու շաբաթ անց, «Ստադ դե Ֆրանսում» հանդես եկավ The Rolling Stones-ը իր Bridges to Babylon Tour-ի շրջանակներում։ 1998 թվականի սեպտեմբերին անցկացվեց Ջոն Հոլիդեյի երեք համերգ, որին ընդհանուր առմամբ մասնակցեց 210 հազար հանդիսատես։
Մարզադաշտում հանդես են եկել Սելին Դիոնը, Թինա Թյորները, AC/DC-ն, Փոլ Մաքարթնին, Մադոննան, Միլնե Ֆարմերը, Depeche Mode-ը, The Black Eyed Peas-ը, Metallica-ն, Red Hot Chili Peppers -ը, Coldplay-ը, Lady Gaga-ն, Eminem-ը, Ջասթին Թիմբերլեյքը, One Direction-ը, Բեյնսեն և այլ հայտնի կատարողներ։
2015 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիա-Գերմանիա խաղի ժամանակ մարզադաշտում տեղի ունեցավ ֆրանսիական մայրաքաղաքի մի շարք ահաբեկչություններից մեկը, որի պատասխանատվությունը իր վրա վերցրեց «Իսլամական պետություն» խմբավորումը։ Կրկնակի պայթյուն եղավ «Ստադ դե Ֆրանսի» մոտակայքում առաջին խաղակեսին։ Հզոր պայթյունը լսվեց մարզադաշտում, բայց խաղը չընդհատվեց և ավարտվեց 2:0 հաշվով Ֆրանսիայի հաղթանակով։Ֆուտբոլի սիրահարներին և պարզապես զբոսաշրջիկներին առաջարկվում է էքսկուրսիա կատարել մարզադաշտում։ Թույլատրվում է այցելել նախագահական լոժա, տեսնել հանդերձարանները, անցնել խաղացողների թունելով և այցելել թանգարան։ Էքսկուրսիան տևում է մեկ ժամ։
Տուրերը անցկացվում են շաբաթվա բոլոր օրերին, բացի երկուշաբթիից, սեպտեմբերի 1-ից մարտի 31-ին։ Ամռանը այցելությունները թույլատրվում են 10:00-ից 17.00-ին, ձմռանը՝ 11:00-ից մինչև ցերեկվա մեկը, այնուհետև՝ 15.00-ից 17.00-ն։ Էքսկուրսիաները անցկացվում են անգլերեն լեզվով, մեկ տոմսի արժեքը 15,00 եվրո է։ Սակայն սպորտային միջոցառումներից մեկ օր առաջ և հետո մարզադաշտը փակ է զբոսաշրջիկների համար։ Տոմսը կարելի է գնել ինչպես մարզադաշտի կայքից, այնպես էլ՝ մուտքի մոտ։
Մարզադաշտի հասցեն է Stade de France, 93216 Saint-Denis (Սեն Դենի)։