Հայտնի Ազատության արձանը կրկին կբացվի այցելությունների համար այս տարվա հուլիսի 4-ին, երբ ԱՄն-ում նշվում է ազգային կարևոր տոներից մեկը՝ Անկախության օրը: Այդ մասին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Չարլզ Շումերը: Արձանը փակվել է անցած տարվա հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Նյու Յորքում մոլեգնեց «Սենդի» փոթորիկը՝ խլելով 130 մարդու կյանք և ԱՄՆ տնտեսությանը պատճառելով 60 միլիարդ դոլարի վնաս:
Փորձագետների գնահատմամբ՝ հուշարձանը փոթորկից չի տուժել, բայց մասնագետները դեռևս զբաղվում են Ազատության կղզում Սենդի փոթորկի հետևանքների վերացմամբ, որտեղ էլ հենց գտնվում է հուշարձանը. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մասնավորապես, վերանորոգվում է նավահանգիստը, որտեղ կանգնում են Նյու Ջերսի նահանգից և Մանհեթենից եկող զբոսաշրջիկներին բերող նավերը: Բացի այդ, էներգետիկները վերականգնում են կղզու վնասված հոսանքագծերը: Հունվարին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 59 միլիոն դոլար ներդրումը փոթորկի արդյունքում վնասված Ազգային այգիների վերականգնման համար:
Դրանց թվում է նաև Ազատության կղզին: Զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունեցել այցելել Ազատության արձան նաև «Սենդի» փոթորկից առաջ: 2011 թվականի աշնանը այն փակվել է վերանորոգման համար: Ճակատագրի հեգնանքով այն վերաբացվեց 2012 թվականի հոկտեմբերի 28-ին՝ փոթորկից բառացիորեն մեկ օր առաջ, գուցե ժամեր առաջ: