Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում իր աշխատանքն է սկսել աշխարհում գրքի ամենախոշոր տոնավաճառը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Մինչև հոկտեմբերի 13-ը նախատեսվող տոնավաճառում իրենց արտադրանքն են ցուցադրել 100 երկրներից 7300 ներկայացուցիչներ։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այս տարի տոնավաճառ կայցելի մոտ 280.000 մարդ։
Այս տարի միջոցառման պատվավոր հյուրն է Բրազիլիան, որի ցուցադրությունը տեղակայված է 2500 քմ տարածքում։ Բացման հանդիսավոր արարողությանը գերմանական կողմից մասնակցել է արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելլեն։ Բրազիլիայի պատվիրակությունը ղեկավարում է փոխնախագահ Միշել Թեմերը։
Տաղավարների ընդհանուր տարածքը կազմում է 169.000 քմ։ Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի նույնպես տոնավաճառում բացի գրքերից այցելուներին առաջարկվում են ամսագրեր, թերթեր, քարտեզներ, օրացույցներ, կոմիքսներ։ Մոտ 1500 հեղինակներ անձամբ կներկայացնեն իրենց նոր աշխատանքները։
Ի սկզբանե, որպես գործընկեր երկրի ներկայացուցիչ, Գերմանիա էր հրավիրվել 66-ամյա գրող Պաոլո Կոելյոն, սակայն վերջին պահին նա հրաժարվել է մասնակցել տոնավաճառին՝ իր որոշումը մեկնաբանելով նրանով, որ իր երկրի պատվիրակությունում ներառված հեղինակների մեծամասնությանն ինքը չի ճանաչում։ // Աղբյուրը՝ Թերթ.ամ